Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խաղաղության մասին բանակցությունները սին են, եթե Բաքվի և Սումգայիթի դեպքերը չունեն քաղաքական գնահատական» (տեսանյութ)

Հասարակություն
hermine-1

Յուրաքանչյուր տարի հունվարի 13-19-ը հիշեցնում է մեզ 1990 թվականին Բաքվում տեղի ունեցած հայ ժողովրդի ջարդերի ողբերգական դեպքերի մասին: «Արևելք» վերլուծական և հետազոտական կենտրոնի տնօրեն, պատմաբան Գևորգ Մելքոնյանի խոսքով՝ Բաքվի ամենամեծ ջարդերը սկսվել են դեռ 1918 թվականի սեպտեմբերին, երբ իշխանության անկումից հետո սկսվեց հաստատվել նոր իշխանական կարգեր, այդ ժամանակ զոհվեցին 10-15 հազար հայ: Հաջորդ բռնությունները հայերի նկատմամբ սկսվեց 1988 թվականի վերջին, 1989 թվականին դարձան ավելի հաճախ, իսկ 1990թվականի հունվարի 13-ից հետո տրվեց հայերի նկատմամբ մասսայական բռնությունների մեկնարկը, որը տևեց մեկ շաբաթից ավել: «Մենք անընդհատ խոսում ենք Բաքվում հայերի ջարդերի մասին, բայց մինչև այսօր տուժողներից ոչ մեկը փոխհատուցում չի ստացել, նրանց ձայները միշտ բարձրացվել է, բայց քաղաքական գնահատական այդ դեպքերին չի տրվել: Միայն 1990 թվականին Եվրախորհրդարանը նիստ գումարեց և այդ նիստում դատապարտեց Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող բռնությունները, բայց դա արվեց հաշվի առնելով Խորհրդային միության հետ իրենց հարաբերությունները: Երբ Խորհրդային միությունը փլուզվեց, այդ նույն Եվրախորհրդարանը անդրադարձ չկատարեց և քաղաքական գնահատական չտրվեց այս դեպքերին»։ Գևորգ Մելքոնյանի համոզմամբ թեև հարևան պետության հետ ձգտում ենք դրացիական հարաբերություններ ունենալ, քանի որ չենք կարող միշտ լինել պատերազմի մեջ, սակայն պետք է հասկանալ, որ խաղաղության հասնելու համար, մեղավորները պետք է պատժվեն և ոչ թե խրախուսվեն: «Վերջին շրջանում մամուլում քիչ է խոսվում այս դեպքերի մասին, քանի որ մտածում են, եթե խոսում ենք Բաքվի և Սումգայիթի դեպքերի մասին, նշանակում է դեմ ենք գնում խաղաղ կարգավորման գործընթացին: Որոշ լրատվամիջոցներ էլ երևի գտնում են, որ սա այդքան էլ պոպուլյար թեմա չէ և գնում են ավելի  պոպուլյար թեմաների հետևից: Սակայն անկախ քաղաքական իրավիճակից, պետք է հասկանալ, որ խաղաղության մասին բանակցությունները սին են, եթե Բաքվի և Սումգայիթի  դեպքերը չունեն քաղաքական գնահատական»: Գևորգ Մելքոնյանը համոզված է, որ նախորդ և ներկա իշխանությունները պետք է բարձրացնեն  միջազգային ատյաններում Բաքվի հայության իրավունքները, և պահանջեն, փոխհատուցում բռնության ենթարկված զոհերի ընտանիքների համար: Սակայն այս խնդիրը շատ նուրբ է և պետք է դիվանագիտական մոտեցում ցուցաբերել: «Նախորդ իշխանությունը շատ պասիվ դիրքորոշում էր որդեգրել, երբ պետք էր՝ այդ թեման ակտիվացնում էին, երբ պետք չէր` թուլացնում:  Ցավոք, տարեցտարի այս դեպքերը գնում են մոռացության»: