Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
ynesko

Հունվարի 17-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Հանդիպման սկզբում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ և համատեղության կարգով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև համագործակցության խթանման, Կազմակերպության հետ համատեղ ծրագերի և նախաձեռնությունների կյանքի կոչման գործում: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական նպատակներին համահունչ Կազմակերպության աշխատանքներին ակտիվ ներգրավվածությանը: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի անհարկի քաղաքականացման փորձերի անթույլատրելիությունը, ինչը հնարավորություն չի ընձեռում կենտրոնանալու կառույցի՝ մշակույթի միջոցով պետությունների միջև համագործակցության խթանմանը և խաղաղությանն ու ժողովուրդների անվտանգությանը նպաստելու հիմնական առաքելության վրա: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին համամարդկային մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված համատեղ ծրագրերի նախաձեռնման և կյանքի կոչման շուրջ: Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն անդրադարձան նաև 2018թ. Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի արդյունքներին, մտքեր փոխանակեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ համագործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի շուրջ, ինչը, ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանի բնորոշմամբ, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթություններից է: