Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԼՄ-ները պետք է ստանձնեն ընդդիմության դերը. Լևոն Շիրինյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
levon-shirinyan

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով ներկայիս խորհրդարանում չկա գաղափարական քաղաքական պլատֆորմով գործունեություն, կուսակցությունների արժեքային համակարգը նույնն է: «Ըստ էության բոլորը լիբերալներ են: Պառլամենտարիզմը ենթադրում է տեսակետների, քաղաքական շահերի պայքար, խորհրդարանական ուժերի մեջ այդ տարբերություն չկա: Իմ քայլը դաշինքն ազատական է, նույն կարելի է ասել ԼՀԿ-ի մասին՝ ուղղակի նրանց մոտ արեւմտամետ լինելն առավել շեշտված է: Իսկ ԲՀԿ-ն կոմպրոմիսների վարպետ է, դժվար է ասել նրանք ինչ են: Դրա համար էլ Գագիկ Ծառուկյանը ասում է՝լավ կլինի լավին կողմ կլինենք, վատ կլինի՝ դեմ կլինենք: Իրենց տեսակետն անհասկանալի է, իրենց լավը ո՞րն է»: Ըստ քաղաքագետի, նոր խորհրդարանում հակակշիռ չի լինի: «Իշխող կուսակցությանը, երբ ունի ձայների մեծամասնություն եւ ԱԺ փոխխոսնակը ընտրվում է ընդդիմության ներկայացուցիչը, խայտառակություն է: Պատկերացնո՞ւմ եք՝ Գերմանիայում Անգելա Մերկելի կողքին նստի սոցիալ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը, հնարավո՞ր է դա : Այս ամենը կհանգեցնի պառլամենտական ճգնաժամի»: Լեւոն Շիրինյանը պնդում է՝ խորհրդարանը պետք է կատարի գործադիր իշխանության վերահսկողության ֆունկցիան, բայց կասկածում է, որ այդպես կլինի: «Խորհրդարանն ընտրվել է հեղափոխության առաջնորդի կամքով, նրա հմայքի տակ եւ խորհրդարանը պետք է վերահսկողություն ունենա վարչապետի վրա: Սխալ է թաքնվելը թոշակների բարձրացման, անորոշ հայտարարությունների հետեւում, պետք է ունենալ հստակ զարգացման տեսլական»: ԶԼՄ-ները պետք է ստանձնեն ընդդիմության դերը, ասում է քաղաքագետը: «Հիմա սովետական մի գաղափար են ներդրել՝ արտախորհրդարանական ուժեր, այդպիսի բան չկա: Եթե արտախորհրդարանական ընդդիմություն են ուզում, ապա թող իրենք դուրս գան, գնան լինեն ընդդիմություն»: «Խորհրդարանական ուժերը պետք է հստակ հասկանան, որ նրանք ամեն ինչի համար են պատասխանատու եւ հստակ զարգացման ուղի է պետք Հայաստանին, այլապես, ըստ քաղաքագետի, հեղափոխության երկրորդ ալիքը կհասունանա, որովհետեւ մարդկանց գիտակցությունը փոխված է եւ նրանք սպասելիք ունեն: Հեղափոխության խնդիրները դեռ օդից կախված են»,- հավելում է Լեւոն Շիրինյանը: Քաղաքագետին մեկ այլ հարց էլ է անհանգստացնում: «Մանվել Գրիգորյանը պարզվում է առողջության հարց ունի, իսկ ազատամարտիկները չունե՞ն: Իրավական ֆետիշիզմի գիրկն ենք ընկել, փաստաբանական ծառայությունը դարձել է օլիգարխիայի շահերը սպասարկող: Դրա համար մենք ունենք օրենք եւ իրավունք, բայց չունենք արդարադատություն»: