Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5 րոպե է քո հարցը, կլուծեմ, կպրծնի... արդեն քանի ամիս է անցել. ակցիա՝ կառավարության մոտ (տեսանյութ)

Հասարակություն
akcia1

Կառավարության հերթական նիստի օրը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր։ Քաղաքացի Մարիամ Գիշյանը նշում է, որ մինչև 2004թ. ապրել է Հյուսիսային Պողոտայի Լալայանց 30 հասցեում։ Բնակարանը, որտեղ բնակվել է տիկին Գիշյանը` սեփականության իրավունքով պատկանել է իրեն։ «2004 թ. առանց ինձ տեղյակ պահելու, առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել նիստ, որոշվում է լուծարել սեփականության  իրավունքը և տալ վարչական վտարում»։ Մարիամ Գիշյանի ընտանիքը ստիպված է եղել լքել բնակարանը։ «Գիշերը  տունս բլին՝ անչափահաս երեխեքիս ու իմ վրա, տկլոր վիճակում հազիվ եմ երեխեքիս փլատակների տակից հանել։ Ձմեռվա ցրտին մնացել էինք փողոցում»։ Հետագայում նրան օգնության ձեռք է  մեկնել Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Րաֆֆի Հովհաննիսյանը իմացավ մեր տեղը, հագուստ տվեց։ Նա ինձ օգնել է 3 տարի, շատ լավ տեղյակ է մեր պատմությունից»։  Նոր կառավարությանը Մարիամ Գիշյանը շատ է դիմել, բայց սայլը տեղից չի շարժվել։ Այժմ նա չի աշխատում, բնակվում է  պետության կողմից տրված ժամանակավոր կացարանում։ «Հույս ունեի, որ պարոն Փաշինյանը, ինչպես խոստացել էր, մինչև վարչապետ դառնալը՝ 5 րոպե է քո հարցը, կլուծեմ, կպրծնի, արդեն քանի ամիս է անցել, ոչ ուզում է հետս հանդիպել, խոսել։ Մուննաթ է գալիս վրաս, ոնց որ եկել եմ իր տունն եմ ուզում, իմն եմ ուզում»։