Հունվարի 17-ը Վրաստանում սգո օր հայտարարվեց. Aliq.ge

Թբիլիսիի Դիդի (Մեծ) Դիղոմի թաղմասում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 4-ի: Իմեդի հիվանդանոց տեղափոխված 4 տարեկան փոքրիկը մահացավ:

Իմեդի կլինիկայի բժիշկը հաստատել է տեղեկությունը: Մասնագետներն ասել են, որ երեխան գանգուղեղային բազմաթից վնասվածքներ է ունեցել՝ կյանքի հետ անհամատեղելի: Մի քանի անգամ սրտի կանգ է արձանագրվել: Փոքրիկի անունն ու սեռը չի նշվում, ասվում է միայն, որ նա երկվորյակ եղբայր կամ քույր ունի, ով չի տուժել, այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ Իաշվիլիի անվան  կլինիկայում: Ըստ չհաստատված տեղեկությունների՝ պայթյունի զոհ է դարձել նաև երեխաների մայրը:

Ընդհանուր առմամբ Իաշվիլի հիվանդանոցում այժմ պայթյունից տուժած 6 երեխա կա: Ըստ բժիշկների՝ նրանց մեծ մասը վաղը դուրս կգրվի, բոլորի վիճակը բավարար է:

Հիշեցնենք՝ ժամեր առաջ Թբիլիսիի ծայրամասային թաղամասում բնակելի շենքերից մեկի 6-րդ հարկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով տեղում մահացել էր 3 բնակիչ: Նշվում էր, որ պատահարից տուժածների մեծամասնությունը երեխաներ են:

Ըստ տեղի բնակիչների՝ ողջ օրվա ընթացքում նրանք գազի սուր հոտ են զգացել, սակայն Կազտրանսգազ գազամատակարար ընկերությունը եղել է տեղում, և վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել։

Վրաստանի վարչապետի որոշման համաձայն, Թբիլիսիում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած ողբերգության հետ կապված, հունվարի 17-ին երկրում սգո օր է հայտարարվել:

Համապատասխան հրամանը ստորագրել է Վրաստանի վարչապետը: Հրամանի համաձայն` երկրի բոլոր պետական հաստատությունների և արտասահմանում դիվանագիտական հաստատությունների դրոշները կխոնարհվեն:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի Մեծ Դիղոմի թաղամասում բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Զոհվածներն այս պահի տվյալներով 4-ն են: Վիրավորված երեխաներին ու անչափահասներին տեղափոխել են Իաշվիլիի անվան հիվանդանոց: