Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ․ բոլնիսցիները վարչապետի այցի մասին. Aliq.ge

Քաղաքականություն
nikol-mamuka1

Վրաստանի և Հայաստանի վարչապետեր Մամուկա Բախտաձեն և Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Բոլնիսիում: Անակնկալ այցը շատերին է զարմացրել, թեև ոչ ֆորմալ, միևնույնն է՝ Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին այցը Վրաստան է: «Ալիք մեդիայի» հետ զրույցում բլոգեր, քաղաքագետ Գելա Վասաձեն նշում է, թե Փաշինյանն այս քայլով հրաժարվել է հին ավանդույթներից՝ առաջին այցը ոչ թե Մոսկվա, այլ Վրաստան կատարեց: Վասաձեի խոսքով, ոչ ֆորմալ նշանակում է այցը պաշտոնական չէ, այսինքն Մոսկվայում կարող են սա չհաշվել, որովհետև «ուղղակի եկել է վրացի գործընկերոջ հետ սուրճ խմելու»։ «Պարզապես հիշեք՝ հեղափոխության ընթացքում Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իր համար առաջնահերթությունը հարևանների, այսինքն, Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններն են: Բացի այդ, այս այցը Ռուսաստանի և Արևմուտքի համար հստակ ազդանշան է», — ասում է Վասաձեն՝ հավելելով, որ զերծ է մնում լրացուցիչ եզրակացություններից: Իր հերթին Վրաստանում ՀՀ դեսպանատան մամուլի պատասխանատու Հարություն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Մայիսին՝ վարչապետ ընտրվելուց հետո, Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցի ուղղությունը Վրաստանն էր։ Երկրորդ անգամ վարչապետ ընտրվելուց հետո կրկին՝ այս անգամ ոչ ֆորմալ առաջին այցը դեպի Վրաստան է։ Այս փաստը շատ բանի մասին է խոսում»: Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն կարճատև հանդիպում են ունեցել նաև հայերով բնակեցված Բոլնիսի (Խաչեն կամ Բոլնիս-Խաչեն) գյուղի բնակիչների հետ: Գյուղի դպրոցի տնտեսվար Սլավիկ Թեյմուրազյանը զարմացած և շատ տպավորված է երկու երկրների վարչապետերի այցից: «Երեկ վարչապետ ա ընտրվել, էսօր կողքիդ պատահական կանգնում ա», — մեզ հետ զրույցում ասում է Թեյմուրազյանը, — «Գյուղացիների համար էլ ա շատ զարմանալի, անսպասելի: Սկզբում մտածում էինք կարող ա մի վատ բան ա պատահել, բայց հետո մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ. ուրախություն, ծիծաղ, ուրախ էլի: Շատ մարդ չկար, մի երեք-չորս հոգի էինք: Թեթևակի զրուցեցինք ուղղակի, շնորհավորեցի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ», — մեծ ոգևորությամբ պատմում է նա: Սլավիկի համար այս այցը մեծ նշանակություն ունի, եթե երկու երկրների ղեկավարների հարաբերությունները լավ են, ապա մենք էլ լավ կլինենք: Ինչպես նա է ասում. «Առաջին օրը դարձավ վարչապետ, երկրորդ օրը Վրաստան եկավ, սա նշանակում ա շատ ջերմ հարաբերություններ են երկու երկրների միջև… Սաղ աշխարհից զանգում շնորհավորում են, ինքը անմիջական ըստեղ Վրաստան ա գալիս…»: