Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնջորյանը սխալ է. Վարդան Ոսկանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
konjoryan

«Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով. միայն մեր հարևաններից Վրաստանի Հանրապետությունն է, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում» և «Շրջապատված լինելով մոտ 160-170 միլիոնանոց ավտորիտար երկրներով՝ Հայաստանը եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնի իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր» - նման միտք էր հնչեցրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ԱԺ նիստի ընթացքում: Իրանին ավտորիտար բնորոշելը բացասական արձագանք էր ստացել մի քանի քաղաքագետների, իրանագետների կողմից:  «Ա1+»-ը կապ հաստատեց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ: Այն հարցին, թե ինչ հետևանքներ կարող են լինել այսպիսի արտահայտություններից, Ոսկանյանը պատասխանեց. «Անշուշտ սխալ է ձևակերպումը . չի համապատասխանում իրականությանը: Արված է, կարծում եմ, անզգույշ եղանակով: Եվ պատգամավորը ներկայացնում է երևի թե սեփական կարծիքը. չի կարելի դա վերագրել ողջ խմբակցությանը»: Ըստ Ոսկանյանի՝ Իրանը հազարամյա պետություն է և նման հայտարարությունները անց է կացնում մանրազննին ուսումնասիրության եղանակով, և Իրանից սպասել շատ արագ արձագանք դժվար է. «Բայց Իրանում էլ հասկանալով Հայաստանը և գիտակցելով, որ նման ձևակերպումը կոնկրետ մի անձի սխալի հետևանք է՝ չեն համարի հայ-իրանական հարաբերությունների դեմ միտված քայլ»:   «Կոնջորյանի կարծիքը սխալ է և չի կարող ձևավորել հայ-իրանական հարաբերությունների օրակարգը»,- եզրափակեց իրանագետը: Ավելի ուշ Կոնջորյանն ընդունեց, որ լավագույն կերպ չի արտահայտել միտքը. «Յուրաքանչյուրը պետք է իր սխալների վրա սովորի. Ես կարող էի ամենատարբեր ձեւերով լղոզել ասածս, բայց ես ասում եմ, որ սխալներից պետք է սովորել»: