Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր «Բիթլզի» համաշխարհային օրն է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
beatles

Ջոն Լենոնի մորաքույր Միմին ասում էր. «Ջո՛ն, դու կիթառով չես կարող այնքան գումար վաստակել, որ կարողանաս քո գլուխը պահել»։ Մորաքույրը առաջարկում էր նրան աշխատանքի անցնել Լիվերպուլի գործարանում: Տարիներ անց Ջոնն իր առաջին կիթառը, նույն այս խոսքերը վրան գրված, ուղարկեց Միմիին: Իսկ Փոլ Մաքքարթնիի հայրն ընդհանրապես դեմ էր Փոլի թե՛ երաժշտական նախասիրություններին, թե՛ Ջոնի հետ նրանց ընկերությանը… Բիթլները դարձան երևույթ, որը կոչեցին բիթլոմանիա և որը գրավեց աշխարհն ու մինչ օրս հնարավոր չի անցնել այն բոլոր ռեկորդները, որոնք համատեղ ճանապարհի յոթ տարիների ընթացքում սահմանեց լիվերպուլյան քառյակը: «Բիթլզի» փլուզման հիմնական մեղավորը համարվում է Յոկո Օնոն: Սակայն կա նաև կարծիք, որ տղաները հոգնել էին միմյանցից և նրանց ստեղծագործական ազատություն էր անհրաժեշտ: 1970 թվականի ապրիլին Փոլ Մաքարթնին հայտարարեց «Բիթլզի» փլուզման մասին: Սակայն ժամանակը հաստատեց, որ «Բիթլզը» ունեցավ սկիզբ, բայց ոչ երբեք վերջ, որ բիթլերը հավերժ են: «Բիթլզները» ճեղքեցին նաև սովետի երկաթե վարագույրը: Այն տարիներին հայ երիտասարդները կրկնօրինակում էին նրանց սանրվածքները, հագ ու կապը, հաջողացնում ձեռք բերել նրանց ձայնագրություններն ու լուսանկարները: Հետո նրանք բիթլների հանդեպ սերը փոխանցեցին իրենց երեխաներին, նրանք էլ իրենց հերթին իրենց երեխաներին ու այսօր էլ հայ բիթլոմանները իրենց սերն արտահայտում են արդեն սոց ցանցերում։ Ահա մի քանի պատառիկ հայ երկրպագուների ֆեյսբուքյան գրառումներից։ «Բիթլզ» չսիրել հնարավոր ա՞։  Ես մեծացել եմ իրենց երգերով, անգլերեն էլ հաստատ չէի սովորի, եթե իրենք չլինեին: «Բիթլզը» շատ բաներով ա բացառիկ: Ինձ համար՝ նրանով, որ միակ խումբն են, ում բոլոր երգերը սիրում եմ, ու հաստատ 90 տոկոսն անգիր գիտեմ գիտեմ:  «Ես նույնիսկ ափսոսում եմ,որ Բիթլզի ժամանակներում չեմ ապրել: Բիթլզը բոլոր ժամանակներում է,  իսկ իրենց կենդանի համերգը տեսնել կարծում եմ շատերը կերազեին  ու եթե լիներ ժամանակի մեքենա, կարծում եմ նրանց համերգին միլիոնավոր մարդիկ կգնայի՞ն։  2001 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն հունվարի 16-ը նշում է որպես «Բիթլզի» համաշխարհային օր, քանի որ 1957-ի հենց նույն այս օրը բրիտանական Լիվերպուլ քաղաքում բացվեց «The Cavern» ակումբը, որտեղ էլ առաջին անգամ ելույթ ունեցան Ջոն Լենոնը, Փոլ Մաքարտնին և Ջորջ Հարիսոնը, իսկ երկու տարի անց նրանց միացավ Ռինգո Սթարը: