Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքմենստանի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳՆ պաշտոնակատարին

Պաշտոնական
agn-2

Հունվարի 14-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Ողջունելով հյուրին`  ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը շնորհավորեց դեսպան Այազովին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունն առավել խորացնելու և ընդլայնելու հայ-թուրքմենական համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ համոզմունք հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա այդ գործում։ Այս առնչությամբ երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներում երկկողմ հանդիպումների և բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկայի պահպանումը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Թուրքմենստանի դեսպանը բարձր գնահատեցին բազմակողմ հարթակներում ձևավորված փոխշահավետ համագործակցությունը: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ որպես կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը,  հումանիտար և մշակութային կապերի խորացումը: Այդ համատեքստում ընդգծվեց միջկառավարական տնտեսական հանձնաժողովի և միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբի գործունեությունը, ինչպես նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը: Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ որպես կառավարության գործունեության գերակա ուղղություն առանձնացնելով զարգացման օրակարգի առաջմղումը:   Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հիմնահարցերի շուրջ։ Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ Հայաստանի մոտեցումները և առաջնահերթությունները։