Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոսմետոլոգիական ծառայությունները՝ հեպատիտի տարածման աղբյուր (տեսանյութ)

Հասարակություն
mani_1

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը կառավարության նախորդ նիստում նշեց, որ Հայաստանում ունենք 3-4 տոկոս հեպատիտ Ց տարածվածություն, որը առաջացել է մատնահարդարման, ոտնահարդարման, դաջվածքների և կոսմետոլոգիական միջամտության արդյունքում: Նախարարի պահանջով պետք է առավել ուժեղացնել վերահսկողությունը և բուժզննման անցնեն նաև բժշկական ոլորտում աշխատող անձինք: Ներհիվանդանոցային վարակների բաժնի պետ Ռոմելա Աբովյանի կարծիքով վիրուսային հեպատիտների հիվանդացության աճը ամբողջ աշխարհում լուրջ հիմնախնդիր է դարձել: Հայաստանում վերջին տարիներին ներդրվել է հիվանդության վերահսկման մեխանիզմ` բուժհիմնարկները  դեպք արձանագրելիս հաղորդում են Առողջապահության նախարարությանը, որն էլ իրականացնում է համաճարակաբանական հետազոտություն բացահայտելու պատճառները: Բացահայտման արդյունքում վերջին տարիներին ի հայտ եկել, որ հեպատիտ հիվանդությունը շատ հաճախ տարածվել է կոսմետոլոգիական ծառայությունների,  մատնահարդարման, ոտնահարդարման և դաջվածքների արդյունքում: «Շատ կարևոր է, որ հասարակությունը իրազեկված լինի, որ հեպատիտ Ց հիվանդությունը 80 տոկոս դեպքերում ընթանում է առանց ախտանիշների և հիվանդությունը կարող է հանդես գալ 15-20 տարի հետո լյարդի առաջնային քաղծկեղի կամ լյարդի ցիռոզի փուլում: 2015 թվականից ի վեր հաստատվել է բժշկական գործիքների ախտահանման և մանրէազերծման ստանդարտ: Բոլոր  բժշկական կազմակերպությունները աշխատում են այդ ստանդարտով, ինչը չեմ կարող ասել կոսմետոլոգիական կենտրոնների մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոսմետոլոգիական կենտրոնները մասնավոր են և շատ դժվար է իրականացնել իրազեկման և վերահսկման գործընթացը»,- նշում է նա: Տարիներ առաջ բժշկական կազմակերպություններում հեպատիտ Ց- ի բռնկումը ահազանգ է եղել, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեն: Բժշկական և կոսմետոլոգիական հաստատությունների անձնակազմը տարեկան մեկ անգամ պետք է անցնի հեպատիտ Ց  հետազոտության, որը կնպաստի ինչպես հիվանդության վաղ հայտնաբերմանը, այնպես էլ կկանխարգելի վարակի տարածունը սպասարկվող անձանց: «Այսօր շուկայում առկա են  ինչպես մանրէազերծման սարքեր, այնպես էլ քիմիական ախտահանիշ նյութեր, որոնք մատչելի են և հասանելի բոլոր հաստատությունների համար: Էսթետիկ կենտրոններին հորդորում եմ ծանոթանալ սահմանված պահանջներին և աշխատանքը իրականացնել հրամանի պահանջներին համապատասխան»,- նշեց Ռոմելա Աբովյանը: