Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզ չէ՝ կոնկրետ որ արարքներն են վերագրվում Ռոբերտ Քոչարյանին. պաշտպան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
robert-qocharyan

«Դատավորը ինքնաբացարկ է հայտնել. հիմնավորումները հայտնի չեն», - ասում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Նախորդ նիստին պաշտպանական կողմը դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որն այսօր բավարարվել է: Նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով:  Քոչարյանն այսօրվա նիստին էլ ներկա չի գտնվել: Օրբելյանը խոսեց նաև առաջադրված մեղադրանքի մասին: Պաշտպանին պարզ չէ ոչ թե առաջադրվող մեղադրանքի հոդվածը, տեքստը, այլ՝ կոնկրետ որ արարքներն են վերագրվում Ռոբերտ Քոչարյանին: «Որովհետև մեղադրանքի տեքստի մեջ բավականին շատ, եթե չասենք համարյա ամբողջական կրավորական սեռով նշված տեքստեր են, կամ հղում է կատարվում չբացահայտված ինչ-որ հանգամանքների»,- ասում է Օրբելյանը: Տեքստերը հասկանալի են, ըստ պաշտպանի, և խնդրել են վարույթ իրականացնող մարմնին առանձնացնել, թե նկարագրված հանգամանքներում, որում ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել, և որն է Քոչարյանի գործողությունը կամ անգործությունը, որի արդյունքում, ըստ մեղադրող կողմի, տեղի է ունեցել 300.1 հոդվածի խախտում: «Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վարույթ իրականացնող մարմինը մեղադրանք առաջադրելիս պարզաբանում է մեղադրանքի էությունը և անվճար տրամադրում է մեղադրանքի առաջադրման որոշման մեկ պատճենը: Մենք ձեզ տրամադրել ենք մեկ պատճենը, հետևաբար կատարել ենք մեր պարտականությունները»,- եզրափակում է Օրբելյանը՝ անդրադառնալով մեղադրող կողմի պատասխանին:    Հիշեցնենք, որ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ Սահմանադրական կարգը տապալելը։ Նա հուլիսին կալանավորվեց, ապա օգոստոսի 13-ին ազատ արձակվեց Վերաքննիչ դատարանից։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց։