Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են Հայաստանի դահուկավազքի 2019թ առաջնության բոլոր մրցանակակիրները

Սպորտ
a1dahuk-10.01.

Աշոցքում կայացավ դահուկավազքի 2019թ Հայաստանի առաջնությունը, որտեղ չեմպիոնի կոչումը վիճարկում էին 24 դահուկորդներ՝ 18 տղամարդ եւ 6 կին: Նրանք ներկայացնում էին Գյումրին, Աշոցքը, Վանաձորը եւ Երեւանը: Մրցումների առաջին օրը կայացան տղամարդկանց ազատ ոճի 10կմ եւ կանանց նույն ոճի 5կմ մրցավազքերը: Ինչպես հայտնում է դահուկային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, այդ մրցաձեւերում հաղթեցին Աշոցքը ներկայացնող Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը: Դասական ոճի 10կմ եւ 5կմ մրցավազքերում հաղթանակ տարան նույն դահուկորդները: Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը մրցակցությունից դուրս էին նաեւ դասական ոճի 1,4 կմ արագընթաց դահուկավազքում՝ սպրինտում: Այդպիսով, մեր առաջատար դահուկորդները հերթական անգամ հաստատեցին իրենց բարձր կարգը: Աշոցքը ներկայացնող դահուկորդ Թադեւոս Պողոսյանն ու գյումրեցի Աննա Ռաշոյանն դարձան Հայաստանի եռակի փոխչեմպիոններ: Երկուական բրոնզե մեդալ նվաճեցին Մյասնիկ Ղարիբյանն ու Վարսենիկ Ավետիսյանը, մեկական՝ Նելլի Խաչատրյանն ու Արտուշ Մկրտչյանը: