Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը չի պատրաստվում հրաժարական տալ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-25

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրատապ ասուլիս էր հրավիրել հայտնելու, որ Երևանի պետական համալսարանում Պետական վերահսկողական ծառայության կողմից արված ուսումնասիրությունների արդյունքների մեծ մասի հետ  համաձայն չի, որովհետև դրանց մեծ մասը  դեկլարատիվ պնդումներ են, ոչ մի կապ չունեն իրական վիճակի հետ: Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում արած գրառմանը , ըստ որի ԵՊՀ հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 800 միլիոն դրամի չարաշահում, Արամ Սիմոնյանը նշեց, որ ուզում է ներկայացնել եղելության նախապատմությունը: «Արդեն 5 ամիս է՝ այս տարվա հուլիսի 30-ից վերահսկողական ծառայությունը համալսարանում իրականացնում է լայնամասշտաբ, իր նախատիպը չունեցող ստուգումներ»,- ասաց նա՝ հավելելով. «Վեց ամսվա ստուգումներ են նախատեսված, այն դեպքում, երբ օրենքով այդ ստուգումների ժամկետները սահմանափակ պետք է լինեն: Հայտարարության մեջ նշվում է երկու ամսվա ստուգումների արդյունքում, ինչը չի համապատասխանում իրականությանը, ուղիղ 6 ամիս է՝ ստուգումներ են հայտարարել»,- ասաց նա՝ մատնանշելով՝ խախտվել է այստեղ ժամկետների մասին օրենքի դրույթը: «Ես այսօրվա երկրորդ կեսին ստացել եմ ստուգումների արդյունքները, որոնց մեծագույն մասի հետ մենք համաձայն չենք, որովհետև դրանց մեծ մասը դեկլարատիվ պնդումներ են, ոչ մի կապ չունեն ռեալ վիճակի հետ: Եվ նույնիսկ այս բոլոր մտահոգությունները, որոնք նրանք ներկայացրել են, գումարում ենք, մի փոքր ավելի է քան 500 միլիոնը, իսկ ծառայության տնօրենը խոսում է 8 միլիոն դրամի մասին»,- ասաց նա: Արամ Սիմոնյանի խոսքով՝ ստուգումների ամբողջ ընթացքում փորձել են պատշաճ ձևով իրականացնել համագործակցությունը,  օգնել նրանց, տրամադրել բոլոր փաստաթղթերը, որոնք նրանք պահանջել են: «18 հոգի է այստեղ եղել այդ հինգ ամսվա ընթացքում, բայց գիտենք, որ այդ փաստաթուղթը կազմել է մեկ հոգի՝ ղեկավարը: Դա ևս խախտում է, որովհետև ամեն մեկն իր մասի վերաբերյալ պետք է ստուգումները ներկայացներ: Այս ստուգումները մեզ ցույց տվեցին, որ մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ կազմի հետ, որոնք չեն պատկերացնում իրենց ստուգման օբյեկտը, խնդիրները»,- ասաց նա: Հետո նա հավելեց, որ ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում ստուգվել է ավելի քան 9․5 միլիարդ դրամի գործունեություն, և ընդամենը մտահոգություն է ներկայացվել  500 միլիոնի շուրջ, որի գերակշիռ մասը, ըստ Արամ Սիմոնյանի, ուղղակի ծիծաղելի և ոչ պրոֆեսիոնալ պնդումներ են: «Վերահսկողության ծառայության պետը նշել է, որ ինքը արդյունքները ուղարկել է դատախազություն: Սա օրենսդրության կոպիտ խախտում է: Նա իրավունք չունի  իրեն վերագրելու վարչապետի գործառույթներ, միայն վարչապետը իրավունք ունի որոշում կայացնել և ստուգման արդյունքները ուղարկել դատախազություն,- ասաց նա՝ հավելելով, -մինչդեռ այս պարոնը, որ ղեկավարում է վերահսկողական ծառայությունը, իրեն վերապահել է ոչնչով չարդարացված և օրենքով չվերապահված վարչապետի գործառույթներ»: ԵՊՀ ռեկտորը նշեց, որ դիմելու են համապատասխան իրավական գնահատականի պահանջով: «Դատի ենք տալու վերահսկողական ծառայության և նրա  ղեկավարին այս հայտարարություններից բխող հետևանքների պատճառով հասցված մեր վնասը փոխհատուցելու, մեր բարի համբավը վերականգնելու համար»,- ասաց նա: Արամ Սիմոնյանը հայտարարեց, որ հրաժարական չի տալու, գնալու է մինչև վերջ: «Ես կարծում եմ, որ ունեմ ուսանողների, դասախոսների գերակշիռ մասի աջակցություն, ես, ի վերջո, ընտրված ռեկտոր եմ: Ինձ անվստահություն կարող է հայտնել միայն ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը այն էլ այն դեպքում, երբ ապացուցի, որ ես չեմ կատարել իմ պարտականությունները»,-եզրափակեց նա: