Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Պետրոսյանը հաղթեց Նակամուրային, իսկ Արոնյանը՝ Արթուր Գաբրիելյանին

Սպորտ
a1chess-rapid-1

Սանկտ Պետերբուրգում շարունակվող շախմատի արագ խաղի աշխարհի առաջնություններում այսօր կայացան 6-10–րդ տուրերը: Հայաստանի շախմատիստներն առայժմ անկայուն են հանդես գալիս մրցաշարում: Մասնավորապես՝ Տիգրան Լ. Պետրոսյանը 6-րդ տուրում պարտության մատնեց արագ շախմատի համաշխարհային դասակարգման աղյուսակում 2-րդ տեղը զբաղեցնող ամերիկացի Հիկարու Նակամուրային, սակայն հետո երկու պարտություն կրեց եւ նահանջեց աղյուսակում: Այժմ նա 5,5 միավորով զբաղեցնում է 63-րդ տեղը: Նույնպիսի արդյունք ունի նաեւ Լեւոն Արոնյանը, որը տանուլ տվեց 8-9-րդ տուրի պարտիաները, եւ միայն 10-րդում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստ Արթուր Գաբրիելյանին: Նա այժմ զբաղեցնում է 72-րդ տեղը: Բոլորից հաջող հանդես է գալիս Գաբրիել Սարգսյանը, որը 10 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ ներկայումս գտնվում է 29-րդ հորիզոնականում: Նրանից կեսական միավոր քիչ ունեն Վլադիմիր Հակոբյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին տեղն առայժմ կիսում են 7 շախմատիստներ, որոնք վաստակել են 7,5-ական միավոր: Նրանց հաջորդում են 10 շախմատիստ, այդ թվում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Կանանց առաջնությունում կայացած 8 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է չինացի Յու Վենյուն: Նրանից կես միավոր քիչ ունի ուկրաինացի Մարիա Մուզիչուկը: Հայաստանի շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանը 4,5 միավորով 47-րդն է աղյուսակում, Էլինա Դանիելյանը 3,5-ով զբաղեցնում 80-րդ տեղը, իսկ Մարիա Գեւորգյանը՝ 89-րդը: Վաղը կկայանան մնացած 5 տուրերը: Մրցանակային տեղ գրավելու համար մեր առաջատար շախմատիստները պետք է միայն հաղթանակներ տանեն, իսկ ահա կանանցից միայն Լիլիթ Մկրտչյանը մեդալ նվաճելու հնարավորություն ունի: