Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանում դեռեւս հնարավոր չէ ստեղծել ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգա». Արմեն Մելիքբեկյան (տեսանյութ)

Սպորտ
sport-melikbektan-27.12.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, այսօր հանդիպում ունեցավ լրագրողների հետ: Հայկական ֆուտբոլի նորանշանակ պատասխանատուն նախ ներկայացրեց անցած 3 ամիսների ընթացքում ֆեդերացիայի կատարված աշխատանքները, ապա պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին: «Անցած երեք ամսվա ընթացքում ֆեդերացիայի համար ձեռքբերում եմ համարում այն, որ մեզ հաջողվեց պայմանագրեր կնքել իսպանացի մասնագետների, առաջին հերթին Խինես Մելենդեսի հետ: Նա ընդհանուր մարզչական շտաբ է ձեւավորելու եւ աշխատելու է Հայաստանի 14-21 տարեկան հավաքականների հետ: Նրան օգնելու են եւս երկու մարզիչներ: Նրանցից մեկը պատասխանատու է լինելու մարզչական կրթության դասընթացների, իսկ մյուսը մանկապատանեկան թիմերի հետ աշխատանք տանելու համար»: Այնուհետեւ ՀՖՖ գլխավոր քարտուղարն անդրադարձավ լրագրողների բարձրացրած հարցերին. Հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակի մասին «Երեքամսյա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում կազմակերպված ֆուտբոլ խաղում են միայն 29 բնակավայրում, այսինքն՝ հանրապետության առաջնությունների խաղերն անցկացվում են միայն դրանցում: Դա շատ վատ ցուցանիշ է: Ֆուտբոլը հիմնականում կենտրոնացած է Երեւանում: Մենք արդեն միջոցներ ենք ձեռնարկում ֆուտբոլը մարզերում զարգացնելու ուղղությամբ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն արդեն ասել է, որ այդ ծրագրի իրականացումը սկսելու ենք Վայոց Ձորի մարզից, քանի որ դա միակ մարզն է, որտեղ ընդհանրապես կազմակերպված ֆուտբոլ չկա: 2019 թվականին պլանավորել ենք 20x40մ չափերի մոտ 10-15 խաղադաշտ կառուցել այդտեղ: Այնուհետեւ աշխատանքները կշարունակենք Գեղարքունիկի մարզում»: Ֆուտբոլում ներդրումներ կատարելու մասին «ՀՖՖ-ն նոր մոտեցումներ է դրսեւորելու հայկական ֆուտբոլում ներդրումներ անողների նկատմամբ: Նրանց առաջարկելու ենք մասնակցել նոր ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներին, փորձելու ենք խրախուսել մարզերում ներդնողներին՝ կառուցելով նոր խաղադաշտեր: Մասնավորապես՝ Գորիսում անհատ ձեռներեցը ցանկանում է ֆուտբոլի դպրոց կառուցել: Ֆեդերացիան օգնության կարգով այնտեղ կստեղծի արհեստական խոտածածկով մեկ խաղադաշտ»: Ազգային նոր մարզադաշտի կառուցման մասին  «Նման ծրագիր կա, բանակցություններն ընդանում են: Դա բավականին երկար գործընթաց է, բայց մեր ցանկություն շատ մեծ է: Բացի այդ, ՈւԵՖԱ-ն գնալով խստացնում է պահանջները, ուստի մի քանի տարի հետո հնարավոր է մեզ անգամ թույլ չտան միջազգային խաղեր անցկացնել «Հանրապետական» մարզադաշտում: Ազգային մարզադաշտը  միանշանակ պետք է մեր ֆուտբոլին»: Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու մասին  «Երբ նոր էի եկել ֆեդերացիա, ինձ թվում էր, որ Պրոֆեսիոնալ լիգայի (ՊԼ) ստեղծման աշխատանքները կարելի է արագ կազմակերպել: Սակայն այժմ այդ կարծիքին չեմ: Նման գաղափար կա, սակայն 2019-20թթ մրցաշրջանում լիգա դեռ չի լինի, քանի որ դա հեշտ գործընթաց չէ: Հայկական ֆուտբոլի ներկայիս պայմաններում դա հնարավոր չէ իրականացնել, սակայն պետք է միշտ ունենանք ՊԼ-ի տեսլականը»: