Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում սպասվածից քիչ աշխատավարձ են ստացել

Հասարակություն
bj

 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ այսօր աշխատավարձ ստանալուց հետո իրենց դժգոհությունն են հայտնել տնօրինությանը: Սպասվածից քիչ աշխատավարձ են ստացել: «Բողոքի ակցիա, գործադուլ  չի եղել, եղել է իրենց դժգոհության արտահայտույթունը: ՀՀ գործող աշխատանքային օրենսգրքով 24 ժամ հերթափոխի դեպքում, 8 ժամը համարվում է գիշերային աշխատանք: 8 ժամ գիշերային աշխատանքի համար նախատեսված  է հավելավճար: Եթե հերթափոխի յուրաքանչյուր ժամի համար նախատեսված է իքս գումար, ապա այդ գիշերային ժամերի համար նախատեսված է իքս գումարած երեսուն տոկոս: Դա նախատեսում է  ՀՀ աշխատանքային օրենսգիրքը:  Նախկինում, ութ ժամի դիմաց, 30 տոկոսի փոխարեն վճարվել է 50 տոկոս, որը աշխատանքային օրենսգրքի խախտում էր, հիմա,  երեք ամիս առաջ, իրենց ծանուցվել է, որ լինելու է նման վերահաշվարկ, որը կիրառվել է դեկտեմբեր ամսին»,-«Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանեց բժշկական կենտրոնի ընդհանուր հարցերի գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը: Մանուկյանի խոսքով, դժգոհող բուժաշխատողներն ամսվա ընթացքում ունենում են 8 հերթապահություն, աշխատավարձը նվազել  է 1000-1300 դրամով՝ մեկ հերթափոխի աշխատանքի դիմաց: Մանուկյանը վստահեցրեց, որ տնօրինության կողմից որեւէ պատժիչ միջոց չի կիրառվի դժգոհող աշխատակիցների նկատմամբ: