Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդարադատության նախարարությանը կից կստեղծվի հասարակական խորհուրդ

Քաղաքականություն
ardaradat

Արդարադատության նախարարությանը կից կստեղծվի հասարակական խորհուրդ՝ նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ դեկտեմբերի 27-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում։ Ինչպես նշված է որոշման նախագծում, ըստ ակնկալվող արդյունքների, այս հասարակական խորհուրդն աջակցելու է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ, հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկելու է  հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ, ներկայացնելու է առաջարկություններ և դիտողություններ` նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի և այլ աշխատանքների վերաբերյալ։ Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի ՀՀ նախարարին կից ստեղծվող հասարակական խորհրդի գործունեությունը՝ նպաստելով հանրային մասնակցության և նախարարությունների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը: