Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան Հայաստանում հատուկ ծրագիր կիրականացնի

Սպորտ
sport-dzjudo-26.12.

Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը լիովին գոհ է մրցաշրջան-2018-ի արդյունքներից, սակայն՝ մի փոքր վերապահումներով: «Հայաստանի ձյուդոյիստները վերջին անգամ լուրջ հաջողության հասել էին 13 տարի առաջ, երբ ինձ հաջողվեց ոսկե մեդալ նվաճել Եվրոպայի առաջնությունում: Այս տարի աշխարհամասի չեմպիոն հռչակվեց Ֆերդինանդ Կարապետյանը, որը եզրափակիչում հաղթեց հենց գործող չեմպիոնին, որը Ադրբեջանից էր: Ինքնին, այս տարին հաջող էր մեր համար: Եթե աշխարհի առաջնությանն էլ մասնակցեինք, ապա ավելի լավ կլիներ: Սակայն, ինչպես գիտեք, տարվա գլխավոր մրցումնեն կայացան Բաքվում եւ մենք չկարողացանք մասնակցել», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց հավաքականի գլխավոր մարզիչը: Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը խոսելով գալիք մրցաշրջանի մասին, նշեց, որ գլխավոր նպատակն օլիմպիական վարկանիշի պահպանումն է: «Եթե ամեն ինչ նորմալ ստացվի, վնասվածք չլինի, ապա ինձ միանշանակ կհաջողվի օլիմպիական ուղեգիր նվաճել: Այդ դեպքում ես վեց ամիս առաջ կսկսեմ պատրաստվել օլիմպիական խաղերին, քանի որ դա առանձնահատուկ մրցումներ են եւ բոլոր մարզիկների նապատակն է, այդ թվում իմ, օլիմպիական չեմպիոն դառնալն է», - ասաց անվանի մարզիկը: Ի դեպ, ինչպես հայտնեց Արմեն Նազարյանը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ 2019 թվականին կիրականացնի մարզաձեւի զարգացման հատուկ ծրագիր: Ըստ դրա, եկող տարի հանրապետության 10 դպրոցներում (3-ը Երեւանում, 7-ը՝ մարզերում) կդասավանդեն ձյուդո առարկա: Միջազգային ֆեդերացիան այդ դպրոցներին կտրամադրի տատամիներ, մարզագույք եւ մարզազգեստ, իսկ մարզիչներին ամսական կտա 500-ական դոլարին համարժեք աշխատավարձ: Այդ ծրագիրը մեկամյա է, դրանից հետո ֆեդերացիան պետք է հոգա բոլոր ծախսերը: