Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվեցին «Այրում-Ջիլիզա» երկաթուղային հսկիչ կետի կառուցման աշխատանքները

Պաշտոնական
5-3

Ընդամենը 4 ամիս պահանջվեց կառուցելու բուսասանիտարական լաբորատորիայով համալարված «Այրում-Ջիլիզա» երկաթուղային հսկիչ կետը: Հսկիչ կետի լաբորատոր մասը թույլ կտա լիարժեք ապահովել ԵԱՏՄ պահանջներին համապատասխան սահմանային վերահսկողություն սանիտարական արտադրանքի: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ իր նշանակումից մի քանի օր անց մեկնել է Մոսկվա, որտեղ ստորագրել է պայմանագիր «ՀՀ-ին ԵԱՏՄ անդամակցելու կապակցությամբ ֆինանսական և տեխնիկական աջակցության» ծրագրի շրջանակում: «Ծրագրի շրջանակում նաև «Ռոսգրանստրոյ» ընկերությունը իրենց ֆինանսավորմամբ երկար ժամանակ չէին կարողանում այդ փաստաթուղթը ստորագրել, որ սկսվեր գործընթացը, բայց իմ նշանակումից մի քանի օր հետո մեկնեցի Մոսկվա, ստորագրեցի այդ փաստաթղթերը: Ուրեմն, կարճ ժամանակահատվածում զրոյական վիճակից ստացանք այս շենքը և կահավորումը: Այսօր արդեն կարողանում ենք երկաթգծում իրականացնել բուսասանիտարական վերահսկողություն»,- ասաց Ավետիսյանը: Նրա խոսքով` այս երկաթուղային հսկիչ կետը կարևոր է այնքանով, որ արդեն հնարավորություն կա երկաթգծով եկող բուսական ծագման մթերքները լաբորատոր հետազոտություն անելու և տեսչական ստուգումներ իրականացնելու: «Բուսասանիտարական լաբորատորիան կստուգի ոչ միայն գնացքների, այլ նաև Բագրատաշենի սահմանային անցակետով անցնող բեռնատար մեքենաների բուսական մթերքները»,- Ավետիսյանը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ պաշտոնական բացումը նախատեսվում է հաջորդ տարի հունվարին: «Ռոսգրանստրոյ» ընկերության շինարարության գծով վարչության պետի տեղակալ Իգոր Պոպովսկին ասաց, որ Ռուսաստանի Դաշնությունում կան բազմաթիվ նմանատիպ բուսասանիտարական լաբորատորիաներով համալրված հսկիչ կետեր և կարող է հավաստիացնել, որ «Այրում-Ջիլիզա» երկաթուղային հսկիչ կետը շատ որակյալ և ճիշտ կառուցված կետ է և համապատասխանում ԵԱՏՄ-ի բոլոր չափանիշներին: «Եթե մթերքը վարակված է ինչ-որ հիվանդություններով, առկա է ախտահանելու հնարավորություն, որպեսզի ապրանքը երկիր ներկրվի անվտանգ տեսքով: «Ռոսգրանստրոյ» ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությանը նախագիծը կյանքի կոչելու համար: Առանձին ուզում եմ ընդգծել կապալառու ընկերության գործունեությունը, որն աշխատել է առանց խնդիրների և հստակ: Վստահ եմ, որ այս հսկիչ կետը երկիր ներկրվող մթերքների որակը կբարձրացնի, ինչն իր հերթին կբարձրացնի ՀՀ քաղաքացիների կյանքի որակը: Վստահ եմ նաև, որ նմանատիպ արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի»,- ընդգծեց Պոպովսկին: Որպես կապալառու հանդիսացող «Սմարթ» ընկերության գործադիր տնօրեն Արսեն Առաքելյանը կարևորեց երկաթուղային հսկիչ կետի կառուցումը սննդի անվտանգության առումով: «Այս հսկիչ կետը կծառայի Հայաստանի բոլոր երկաթգծերով եկած մթերքի անվտանգության ապահովմանը: Մենք արդեն իսկ կառուցել ենք ԵԱՏՄ բոլոր չափանիշներին համապատասխան նման լաբորատորիաներով համալրված հսկիչ կետեր: Կառուցման ընթացքում որևէ խնդրի առջև չենք կանգնել, որովհետև ունեցել ենք լուրջ աջակցություն և Սննդի անվտանգության տեսչական մարմնի, և Ռուսաստանի պատվիրատուի կողմից»,- ընդգծեց Առաքելյանը: Նա հայտնեց, որ ամբողջ նախագծի արժեքը, որի մեջ մտնում են շենքի կառուցումը և գույքի համալրումը, կազմել է 194 միլիոն 100 հազար ռուբլի: ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Հանրապետական անասնաբուժասանիտարական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանի խոսքով` հսկիչ կետի լաբորատոր մասը թույլ կտա լիարժեք ապահովել ԵԱՏՄ պահանջներին համապատասխան սահմանային վերահսկողություն սանիտարական արտադրանքի նկատմամբ: «Նախնական հետազոտությունը և որոշ դեպքերում նաև վերջնական հետազոտությունը կարող է կատարվել այստեղ` մեր աշխատակիցների կողմից: Վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչների կողմից կատարվում է նմուշառում, այնուհետև նմուշները բերվում են լաբորատորիա և այստեղ հետազոտվում: Մինչև մաքսավորները փաստաթղթային զննումները իրականացնեն, հավաստիացնում եմ, որ նախնական հետազոտությունն արդեն իսկ ավարտված կլինի»,- ասաց Գևորգյանը: Հսկիչ կետը կառուցելու համար Կառավարության որոշմամբ հատկացված էր 3850 քմ տարածք:     Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն