Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խորհուրդ կտայի առնվազն մեկ տարի նախարարությունների միացման, անջատման հարց չդնել»․ Վազգեն Մանուկյան

Քաղաքականություն
6e01ff7df0ca8e715c04ccf378a4b803

Անկախ-ի հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր տեսակետն է հայտնում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, ըստ որի նախարարություններիթիվը 17-ից դառնում է 12։   -Պարո՛ն Մանուկյան, վերջին օրերին հանրության շրջանում բուռն քննարկումների թեմա է դարձել նախարարությունների միացման և կրճատման հարցը։ Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը այս փոփոխությունների վերաբերյալ։ -Ես կարծում եմ, որ այս պայմաններում նախարարությունների միացումները և կրճատումը մեծ խառնաշփոթ է առաջացնելու։ Սրանից առաջ Հայաստանում փոխվեց Սահմանադրությունը, ինչը բերեց նոր օրենքների ընդունման, և հիմա շատ օրենքներում ունենք հակասություններ, և դեռ երկար ժամանակ է պետք դա շտկելու համար։ Հետո եղավ հեղափոխական իշխանափոխություն, որը նույնպես մեծ սթրես էր ամբողջ տնտեսության և կառավարման համակարգի համար։ Դրանից հետո տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում խորհրդարանը մեծապես կազմված է լինելու նոր, հիմնականում անփորձ մարդկանցից։ Եվ այս պայմաններում հիմա էլ կառավարության կառուցվածքի նման փոփոխությունը, ես կարծում եմ, շատ վտանգավոր է։ Պետք էր մեկ տարի սպասել, այդ նախարարությունների առաջ խնդիրներ դնել, հետո նախարարությունների արդյունավետության հարցը լուծել, որից հետո, եթե արդյունքը չէր բավարարի, կարելի էր անցնել վերափոխումների։   -Հատկապես դժգոհության ալիք է բարձրացել Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների վերակազմավորման հետ կապված։Ի՞նչ եք կարծում, մեզ առանձին Մշակույթի և Սփյուռքի նախարարություններ պետք չե՞ն։ -Նախարարությունները պետական կառավարման ամենակարևոր օղակներն են և որոշելու համար, թե որոնք է պետք թողնել առանձին, որոնք միացնել, կրկնում եմ՝ պետք է նախևառաջ հասկանալ, թե պետությունն ինչ խնդիրներ է իր առջև դրել։ Մյուս երկրների փորձը շատ տարբեր է։ Օրինակ, ԱՄՆ-ն ունի 15 նախարարություն, Անգլիան՝ 19, Իսրայելը՝ 29, Ֆրանսիան՝ 16, Հունաստանը՝ 19 և այլն։ Կան նախարարություններ, որոնք երկրների մեծ մասում նույնն են, կան նախարարություններ, որոնք էապես տարբերվում են իրարից, քանի որ երկրները տարբեր խնդիրներ ու առաջնահերթություններ ունեն, բայց բոլոր երկրներում մշակույթն ևկրթության նախարարություններն առանձին են։ ԱՄՆ-ում չկա մշակույթի նախարարություն, քանի որ այնոչ ազգային, բազմազգ պետություն է և մշակույթը դրված է բիզնեսի հիմքերի վրա։ Եթե նայենք, թե միջազգային փորձիցո՞ր երկրի հետ կարելի է համեմատվել, ապա մեր պես փոքր պետություն է Իսրայելը, որը կրկին շրջապատված է թշնամիներով, ունի չավարտված պատերազմ և ունի հսկայական Սփյուռք։ Բնական է, որ քննարկելիս պետք է հաշվի առնել, օրինակ,Իսրայելի օրինակը, որտեղ կա առանձին Կրթության նախարարություն, Գյուղատնտեսության նախարարություն, Մշակույթի և սպորտի նախարարություն, Գիտության, տեխնոլոգիաների և տիեզերքի նախարարություն և այլն։ Մենք պետություն ենք, որը զարգացման փուլում է, և կան ուղղություններ, որոնց զարգացումը մեզ համար շատ կարևոր է։ Օրինակ, գյուղատնտեսությունը զարգացման ամենակարևոր ուղղություններից է, և գտնում եմ, որ այս ոլորտը պետք է ունենա առանձին նախարարություն(բոլոր երկրներում այն կարևոր նախարարություններից է)։ Ամենագլխավոր ուղղությունը, անկասկած, մեզ համար կրթությունն է, առանց որի ո՛չ տնտեսությունը կարող է զարգանալ, ո՛չ էլ մենք կարող ենք առաջ գնալ։ Ընդհակառակը, ես խորհուրդ կտայի ոչ թե միացնել, այլ դեռ մի բան էլ կրթությունն ու գիտություննիրարից անջատել՝ հանրակրությունը առանձին, գիտությունն ու բուհական համակարգը՝ առանձին։ Ինչ վերաբերում է մշակույթին, ապա գլոբալիզացիայի այս պայմաններում, երբ հարվածի տակ ենազգային, մշակութային արժեքները, պետք է մշակույթը կառավարության հատուկ հոգածության տակ լինի, առանձին նախարարությամբ։ Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա մեր ժողովրդի մեծ մասն ապրում է դրսում։ Մեծ սփյուռք ունեցող գրեթե բոլոր պետություններն ունեն սփյուռքի հարցերով զբաղվող առանձին նախարարություններ, միգուցե տարբեր անվանումներով։ Ես կարծում եմ, որ պետք էր պահել Սփյուռքի նախարարությունը և դնել խնդիրներ՝ բարձրացնելով դրա արդյունավետությունը։ Ընդհանուր առմամբ, գտնում եմ, որ այդ փոփոխություններն օգտակար չեն։ Ուրիշ հարց, որ նախարարությունները միգուցե ուռճացված ապարատ ունեն, արդյունավետ չեն աշխատում։ Ես խորհուրդ կտայի առնվազն մեկ տարի նախարարությունների միացման, անջատման հարց չդնել, այլ նախևառաջ նախարարությունների առաջ դնել համապատասխան խնդիրներ, քննարկել դրանց արդյունավետության բարձրացման հարցը, ուռճացված ապարատի կրճատման հարցը, բայց դա անել աստիճանաբար՝ նախ լուծելով պետական աշխատողներին աշխատանքով ապահովելու հարցը, քանի որ չես կարող հազարավոր մարդկանց մի որոշմամբ շպրտել փողոց։ Նախարարությունների առաջ խնդիրները դնելուց, արդյունավետությունը բարձրացնելուց հետո նոր միայն, մեկ տարի հետո կարելի էր հանրային և մասնագիտական շրջանակների հետ միասին քննարկել նախարարությունները միացնելու, կրճատելու կամ նոր նախարարություններ ստեղծելու հարցը։