Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատային սցենար է նախագծվել Սպիտակ տանը. արաբագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-8-1

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հեռանում է իր պաշտոնից։ Ընդ որում,  հայտարարությունն արվեց մեկ օր անց, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին։  «Շախմատային սցենար է նախագծվել Սպիտակ տանը, ընդ որում բավական նեղ շրջանակում, ինչի  ապացույցը Պենտագոնի ղեկավարի հրաժարականն էր, որի դիրքորոշումը հակասում էր Թրամփի դիրքորոշմանը»,-ասում է արաբագետ Արմեն Պետրոսյանը: ԱՄՆ նախագահը Սիրիայից ամերիկյան զորքերի  դուրսբերման մասին հայտարարել էր դեռ  ապրիլի սկզբին, ասում է արաբագետը, ընդգծելով՝  այս  որոշումը բավական մեծ գործարքի բաղկացուցիչ մաս է:  «Թրամփի նման որոշումը հաջորդեց Թուրքիայի կողմից Սիրիայի քրդական շրջանում նոր ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությանը: ԱՄՆ զորքերի դուրս գալուց  հետո նրանց տեղը դատարկ է մնալու եւ հարցն այն է, թե ո՞վ է զբաղեցնելու այդ տեղը»: Ներկայումս, Սիրիայում այդ տեղի համար կմրցեն Թուրքիան եւ տեղի կառավարական ուժերը, որոնց կաջակցեն Ռուսաստանը եւ Իրանը: Ըստ արաբագետի, այս քայլով ԱՄՆ-ը նպատակ ունի կոնֆլիկտ առաջացնել Աստանայի ձեւաչափի գործընկերների միջեւ:  «Փորձ է արվում նաեւ ԱՄՆ-ի կողմից սեպ խրել Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում, ինչպես նաեւ մյուս կողմից Թուրքիային ներքաշելու հակաիրանական ճամբարի կազմում»,-նշում է արաբագետը: Երեկ, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Թուրքիա համընկավ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հետ: Համատեղ ասուլիսում Էրդողանն ասաց, թե Թուրքիան և Իրանը կարող են ավելին անել՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն ապահովելու համար։ Էրդողանը նաեւ  հայտարարեց՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով չեն պատրաստվում խզել տնտեսական և առևտրային կապերն Իրանի հետ։ Այս գործարքից կշահի Թուրքիան, համոզված է Արմեն Պետրոսյանը, ըստ նրա՝ Թուրքիան խաղարկում է իր հաղթաթղթերը տարածաշրջանում սեփական խնդիրները լուծելու համար: Մտահոգիչ է նաեւ քուրդ զինյալների արձագանքը, նշում է արաբագետը: ԱՄՆ-ն եղել է այն ուժը, որը մշտապես զսպել է Թուրքիային ավելի լայն գործողություններ իրականացնել քրդերի  դեմ:  «Սիրիայից հեռանալով քրդերը մնում են միայնակ՝ Թուրքիայի ագրեսիվ ծրագրերի թիրախում: Նրանք մանեւրելու մեծ դաշտ չունեն, մնում է ընդունել սիրիական կառավարական ուժերի առաջարկը եւ շրջանի վերահսկողությունը հանձնել նրանց»: Ըստ Արմեն Պետրոսյանի, Սիրիայից դուրս գալու որոշումը բնավ էլ չի նշանակում, որ ԱՄՆ-ը մտադիր է ընդհանրապես հեռանալ Մերձավոր Արևելքից, չի բացառվում, որ նման կերպ ԱՄՆ-ն կենտրոնանում է Իրանի դեմ գործողությունների վրա: