Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը տոնում է իր 20-ամյակը

Հասարակություն
tuf2

Հայաստանում և Արցախում գործունեություն ծավալող Թուֆենկյան բարեգործական հիմնադրամն այս տարի տոնում է իր 20-ամյակը։ Այս կարևոր տարելիցը նշելու համար այս կիրակի օրը Երևանում կազմակերպվեց տոնական միջոցառում։ Միջոցառման ընթացքում, որի հյուրերն էին Թուֆենկյան հիմնադրամի՝ ավելի քան 100 գործընկերները, աջակիցները, ընկերները և շահառուները Հայաստանից, Սփյուռքից և արտերկրից, հիմնադրամը ներկայացրեց իր գործունեությունը և Հայաստանի ապագայի իր տեսլականը։ Միջոցառման ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ հիմնադրամի շահառուների կողմից, տեղի ունեցավ փոքրիկ ֆոտո ցուցահանդես, կազմակերպվեց հայկական գորգի աճուրդ, ելույթ ունեցավ Արցախցի փոքրիկ երգիչ Միշան և տեղի ունեցավ հանպատրաստից զրույց Ջեյմս Թուֆենկյանի հետ։ Սակայն, միջոցառման ծրագիրը հիմնականում նվիրված էր Հայաստանի ամենաանապահով համայնքներից մեկում՝ Շիրակի Արթիկ համայնքում երեխաների համար նոր սոցիալ-կրթական կենտրոնի հիմնադրման ապահովմանը։ Նոր կենտրոնը կարող է հարյուրավոր երեխաներին հնարավորություն տալ դուրս գալ դժվարին իրավիճակներից։ Միջոցառման հյուրերի առատաձեռն նվիրաբերումների, այդ թվում Ռալֆ և Արմիկ Յիրիկյանների կողմից կատարված ամենախոշոր՝ 9,700,000 դրամ նվիրաբերության շնորհիվ, նոր կենտրոնի հիմնադրման երազանքն այլևս իրականություն է։ «Այս երեխաները Հայաստանի ապագան են։ Նրանց աջակցելով, նրանց համար լավ կյանքի հնարավորություններ ստեղծելով, մենք լավ կյանք ենք ստեղծում մեր ողջ երկրի համար», հյուրերին շնորհակալություն հայտնելով ասաց գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։ Այս միջոցառումը տարելիցի արդեն երկրորդ միջոցառումն է, որ Թուֆենկյան հիմնադրամը նշում է այս տարի։ Մի քանի ամիս առաջ, հիմնադրամը նշեց իր գործունեության 15-ամյակը Արցախում, որտեղ այն զբաղվում է ազատագրված՝ սահմանային տարածքների վերաբնակեցմամբ, վերակառուցմամբ և զարգացմամբ։  Թուֆենկյան հիմնադրամը բացվել է 1998 թվականին՝ գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից։ Այն հիմնադրվել է արձագանքելու համար հայ հասարակության առջև ծառացած կարևորագույն սոցիալական, մշակութային, տնտեսական և էկոլոգիական մարտահրավերներին։ Մինչև հիմնադրամի ստեղծումը, Ջեյմս Թուֆենկյանն արդեն մոտ մեկ տասնամյակ օգտագործում էր իր բիզնես ձեռնարկությունները սոցիալական արդարության խթանման նպատակով՝ նախ Նեպալում, այնուհետ հայրենի Հայաստանում։ Բայց, շուտով պարզ դարձավ, որ Հայաստանի զարգացումը խոչընդոտող բարդ խնդիրներն ու մարտահրավերներն ահնար է արձագանքել միայն ձեռնարկատիրության միջոցով։ Փոխարենը՝ ոչ-առևտրային հատվածի կողմից նվիրվածության, նորարարության և համարձակ գործողությունների անհրաժեշտություն կար։ Եվ սա հենց այն է, ինչ հիմնադրամը փորձում է իրականացնել։ Վերջին 20 տարիների ընթացքում հիմնադրամը Հայաստանում ավելի քան 70 ծրագրեր է իրականացրել սոցիալական արդարության խթանման, աղքատության վերացման, կրթական հնարավորությունների ստեղծման, շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև ազգային, քաղաքացիական և մշակութային արժեքների թարմացման ուղղությամբ։ 20-րդ դարավերջի Հայաստանի կարիքներին համապատասխան՝ հիմնադրամի աշխատանքը իր գործունեության սկզբնական տարիներին ուղղված էր բնակչության առավել խոցելի խմբերի սոցիալական պաշտպանությանը։ 1998թ․ երկրաշարժը, Սովետական միության փլուզումը և Արցախի ազատամարտը Հայաստանի բնակչության մի ստվար հատվածին թողել էին առանց աշխատանքի հնարավորության։ 1990-ական թվականների վերջին հայերի ավելի քան կեսը ապրում էին աղքատության մեջ։ Կոնկրետ թիրախավորված ծրագրերի միջոցով Թուֆենկյան հիմնադրամը այս տարիներին սոցիալական պաշտպանություն տրամադրեց հարյուրավոր ընտանիքներին, օգնելով նրանց անցում կատարել ծայրահեղ աղքատությունից դեպի արդյունավետ, բարեկեցիկ կյանք։ Այդպիսի ծրագրի օրինակ էր «Զանգակատուն» կազմակերպությունը։ Թուֆենկյան հիմնադրամը ստեղծել էր այս կազմակերպությունը Հայաստանում ծայրահեղ աղքատությանը դիմադրելու նոր մոդել մշակելու համար։ Ի տարբերություն այլ բարեգործական կազմակերպությունների, «Զանգակատունը» հասցեագրում էր աղքատության պատճառներն ու արմատները, այլ ոչ պարզապես ախտանշանները։ Մեկանգամյա նվիրաբերությունների փոխարեն կազմակերպությունը խորքային աշխատանք էր տանում յուրաքանչյուր ընտանիքի հետ՝ դարձնելով նրանց մասնագիտական աջակցության ցանցի մի մաս։ Արդյունքները երկար սպասել չստիպեցին՝ ավելի քան 100 ընտանիքներ հաջողությամբ կոտրեցին աղքատության շղթան։ Ծրագրի շահառուների մեծ մասը գտան մշտական աշխատանք, իսկ երեխաներից շատերն ընդունվեցին համալսարաններ։ Աղքատության նվազեցման/վերացման այս մոտեցումը շուտով որդեգրվեց նաև այլ կազմակերպությունների կողմից, սկսելով դրական միտում բարեգործությունից դեպի կայուն զարգացում։