Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ղազինյան. «Հայտարարում եմ նոր ցենտրիստական քաղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին» (տեսանյութ)

Քաղաքականություն
artur-ghazinyan

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը նոր ցենտրիստական քաղաքական ուժ է ձեւավորում: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի Հայրենակիցներ, Հետեւելով Հայաստանում եւ նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին, գնալով համոզվում եմ, որ պետականության հաստատման եւ դրա ամրապնդման նպատակով օր առաջ անհրաժեշտ է ձեւավորել հզոր ցենտրիստական եւ պետականակենտրոն գաղափարական քաղաքական ուժ։ Այս հրամայականը առավել արդիականություն է ձեռք բերում նախ եւ առաջ այն Հայաստանում այս տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների եւ դրանց արդյունքում ձեւավորված իրողությունների համատեքստում։ Փաստացի նոր Սահմանադրության գործարկման արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կանգնած է մի այնպիսի մեկնարկային դիրքում, երբ քաղաքական կուսակցությունները ամբողջովին պետք է լծվեն ձեւավորվելիք եւ վերափոխման ենթակա քաղաքական համակարգի բովանդակային հագեցման բարդագույն խնդրին։ Բովանդակային հագեցում ասելով նախ եւ առաջ ի նկատի ունեմ նոր քաղաքական մշակույթի ձեւավորում, նոր կուսակցական համակարգ եւ կուսակցականության դերակատարման եւ առաքելության առավել ամրացում եւ բյուրեղացում։ Իսկ ի՞նչ ունենք մենք հիմա: Կուսակցություններ եւ քաղաքական ուժեր, որոնք բացարձակապես ձեւավորված եւ ադապտացած են նախորդ քաղաքական համակարգի խաղի կանոններին՝ որոնք «քաղաքական» կարելի է համարել շատ մեծ վերապահումով։ Անհրաժեշտ է փաստել, որ ներկայիս կուսակցությունների գերակշռող մասի գաղափարական հենքերը շատ հեղհեղուկ են եւ էպիզոդիկ, եթե չխոսեմ բացառապես իշխանություն դառնալու ձգտման մասին։ Հայաստանյան քաղաքական դիսկուրսում գնալով նվազում է պետության եւ պետականության ընկալման կարեւորությունը եւ դրա փոխարեն անընդմեջ շահարկվում եւ չարչրկվում է «ժողորդրդի» գործոնը՝ աստիճանաբար ավելացնելով պոպուլիզմի բաղադրիչը հրապարակային հռետորաբանության մեջ՝ ի հաշիվ պետության եւ պետականության ամրապնդման բաղադրիչի։ Սա մի ճանապարհ է, որտեղ քաղաքական կոնտենտ ստեղծող գլխավոր սուբյեկտները հարկադրված են լինելու անտեսել արդեն գոյություն ունեցող պետականության եւ նրա ինստիտուտների կենսական նշանակությունը՝ դրա իրավահաջորդության, քաղաքական իշխանության սահուն եւ անցնցում փոխանցման, էվոլյուցիոն կայուն զարգացման կարեւորագույն առաքելությամբ։ Ցավով պետք է նշեմ, որ մեր կուսակցական համակարգին եւ մշակույթին հատուկ է լիդերակենտրոնությունը եւ պսեվդոգաղափարական պատկանելիությունը, որոնք, պետք է խոստովանեմ, հաճախ չեն հաջողում քողարկել այդ լիդերների իշխանատենչությունը.... Ամփոփելով վերոգրյալը եւ հաշվի առնելով քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցելու իմ որոշումը, հայտարարում եմ վերը նշված գաղափարները կիսող եւ արժեվորող համախոհների հետ նոր ցենտրիստական քաղաքական ուժի ձեւավորման մեկնարկի մասին»: