Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի ներկրված լոլիկը բավական է տեղական շուկայի «հերն անիծելու» համար. ֆերմեր (տեսանյութ)

Տնտեսություն
sergey-1

Լոլիկի մեծածախ վաճառքով զբաղվող ֆերմերները դժգոհում են Հայաստան մտնող թուրքական լոլիկի ներմուծումից, առկայությունից: «Միանշանակ լոլիկը մտնում է Հայաստան Վրաստանի միջոցով, դա պարզ է: Նորից խանգարում է ֆերմերին, գյուղացուն, ջերմոցատերերին»,- անհանգստանում է Վարուժան Խոդեդանյանը: Խոդեդանյանը նշեց, որ այս հարցով հանդիպել են գյուղնախարարին: Գյուղնախարարը քայլեր է ձեռնարկել, սակայն դա տևել է ընդամենը 2 օր ու հետո նույնը կրկնվել է: Ֆերմերի փախանցմամբ, թուրքականը մոտ 200 դրամով ավելի էժան է, քան՝ տեղականը: «Եթե մեր մեծածախը 500 դրամ ա,  թուրքականը՝ 400 կամ 350 դրամ ա: Եթե մերը 400, իրանցը՝ 250- 200 դրամ ա»,- մանրամասնեց  ֆերմերը: Ըստ ֆերմեր Սամվել Մկրտումյանի՝ խնդիրն ավելի լուրջ է, քան մակերեսայնորեն ամեն տարի դեկտեմբեր ամսին քննարկվում է: «Նախ տեղյակ չի պահվում Հայաստանի ազգաբնակչությանը, թե իրականում ինչ լոլիկ է ներկրվում: Մենք նախորդ օրը հանդիպում ենք ունեցել գյուղնախարարի պաշտոնակատարի հետ. մեզ ներկայացվել է, որ լոլիկը ստուգված է, ամեն ինչ նորմալ է»,- տարակուսում է Մկրտումյանը: Վերջինիս կարծիքով՝  պաշտոնական տվյալներով Թուրքիայից ներկրված 1849 տոննա լոլիկը բավական է տեղական շուկայի «հերն անիծելու» համար:  Ֆերմերի համոզմամբ՝ ձախ ճանապարհներով է նաև լոլիկ մտնում Հայաստան:  «Խորհուրդ ենք տալիս այդ մարդկանց մի քիչ հետևել, որովհետև տնտեսությունները ավերվում են»,- դժգոհում էր ֆերմերը: «Տրանսպորտային ծախս, Վրաստանում մաքսատուրք, Հայաստանում մաքսատուրք, չի կարող մեր հետ քայլի ուղղակի»,- Թուրքիայից ներկրվող լոլիկի գնի վերաբերյալ դիտարկում արեց Մկրտումյանը: Զարմանք արտահայտեց, որ թուրքական լոլիկ ներմուծողները կարողանում են իրենցից 200 դրամով ավելի էժան վաճառել:  Ֆերմերները վստահեցնում էին, որ տեղի արտադրանքով լիովին հնարավոր է ապահովել ներքին շուկան, ավելին՝ կարելի է անգամ արտահանել: