Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգային շահը պահանջում էր առնվազն ձեռնպահ լինել կամ չքվեարկել. «Սասնա Ծռեր»

Կարևոր լուրեր Պաշտոնական

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը   Երեկ՝ 2018 թ. դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի և մի շարք այլ երկրների առաջարկած բանաձևի նախագիծը՝ Ղրիմում, Սևաստոպոլում, Սև և Ազովի ծովերի մի մասում ռազմականացման խնդրի մասին: Բանաձևում Ռուսաստանին կոչ է արվում դուրս բերել զինված ուժերը Ղրիմից և դադարեցնել ուկրաինական տարածքների օկուպացիան: Բանաձևի նախագծին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 72 պետություն: Հայաստանը, տարօրինակ կերպով հավատարիմ մնալով նախկին ռեժիմի գաղութային ավանդույթին, դեմ է քվեարկել: Հայաստանի հետ միասին դեմ են քվեարկել, օրինակ՝ Բելառուսը, Սիրիան, Սուդանը, Զիմբաբվեն, Բուրունդին, Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան, Ուզբեկստանը: Մինչդեռ Թավշյա հեղափոխության գլխավոր նպատակներից մեկը Հայաստանի ինքնիշխանության ապահովումն էր, այդ թվում՝ արժանապատիվ և ազգային շահերին հետամուտ արտաքին քաղաքականություն վարելու միջոցով: Հայաստանի 1-ին Հանրապետությունը 1920-21 թթ. ենթարկվել է օկուպացիայի, մասնատվել է և զրկվել անկախությունից: 1991 թ. նրա տարածքի մի մասի վրա է դեռևս վերականգնվել պետական անկախությունը, ինչպես նաև Արցախի այսօրվա տարածքի մասով՝ հայկական փաստացի իրավազորությունը: Նման պարագայում, ունենալով դեօկուպացիայի կենսական խնդիր, Հայաստանի ազգային շահերին դեմ է կողմ քվեարկել որևէ օկուպացիայի և ըստ էության լեգիտիմացնել այդ երևույթը: Եթե տվյալ իրավիճակում Ռուսաստանի հետ հակասություն չստեղծելու անհրաժեշտություն կար, Հայաստանը կարող էր ձեռնպահ լինել, ինչպես վարվել են 72 այլ պետություններ, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամներ Ղազախստանը և Ղրղզստանը կամ չքվեարկել, ինչպես, օրինակ, վարվել է Ադրբեջանը: Հուսով ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը մանրակրկիտ կերպով կուսումնասիրի, թե ինչու այս քվեարկությունը կատարվեց նախկին գաղութային հանցավոր ռեժիմի ժամանակների իներցիայով և, ըստ այդմ՝ կանի կազմակերպչական և արտաքին քաղաքական անհրաժեշտ հետևություններ: