Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանվեց Մարիուս Յուզբաշյանը, որից հետո նաև Համբարձում Գալստյանը. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
hambardzum-4

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրանում է  պատմաբան-ազգագրագետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1990-92 թթ. Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ (Երևանի քաղաքապետ) Համբարձում Գալստյանի սպանության 24-րդ տարելիցը: Գալստյանը սպանվել էր 1994 թվականի դեկտեմբերի 17-ին  իր տան շքամուտքի մոտ: Սպանության պահին Գալստյանի հետ եղել էր եղբայրը՝ Արսենը: Վերջինս վազել էր մարդասպանների ետևից, սակայն չէր հասել: Այսօր Համբարձումի եղբայրը՝ Արսեն Գալստյանը, «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ քչախոս է. «Ավելի լավ է զրուցեք Համբարձումի մոտ ընկերոջ-ախպոր՝ Աշոտ Մանուչարյանի հետ»:   «Ամենասուր, ամենապատասխանատու տեղերում միշտ եղել է, շատ համարձակ և ոնց որ ասում են՝ աստղով մարդ էր: Այսինքն՝ նա շատ հաջողակ էր բարդ խնդիրներում, որոնք պետք է լուծվեին»,-  ասում էր Համբարձում Գալստյանի մասին հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը: Անդրադառնալով արդեն Գալստյանի սպանությանն՝ ասաց, որ նախկինում տարածված 3 վարկածներից բացի կա մի կարևոր հանգամանք ևս: «Մարիուս Յուզբաշյանը Հայաստանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարն էր խորհրդային տարիների վերջին հատվածում: Նա, պաշտոնաթող դառնալով, դիմել էր Համբարձում Գալստյանին, որ տեղ, հնարավորություն ստեղծի, համաձայնեցնի իշխանության հետ, որ բացի այդ ծառայության հետախուզության, հակահետախուզության դպրոց Հայաստանում»,- ասաց Մանուչարյանը: Այնուհետև մանրամասնեց, թե ինչ կարգի դպրոցի մասին է խոսքը: Մանուչարյանի կարծիքով՝ Յուզբաշյանը Հայաստանին պետք է հանձներ այն ամենը, ինչ իրեն հայտնի էր հայկական անվտանգության համակարգից, Հայաստանի հետ և Հայաստանի միջոցով ամբողջականացներ այդ հայկական համակարգը, որը նոր հզորություն ձեռք կբերեր: «Համբարձումը դիմել էր ինձ այդ հարցով: Եվ մենք որոշել էինք աջակցել Մարիուս Յուզբաշյանին այդ բանն իրականացնելու համար: Նա հանդիպումներ ունեցավ: Բայց շուտով սպանվեց Մարիուս Յուզբաշյանը, որից հետո սպանվեց նաև Համբարձում Գալստյանը»,- պատմում էր նա: «Երկուսն էլ կապված էին մի խնդիրի հետ, որ ֆունդամենտալ է մնում նաև այսօր: Հայկական համակարգը վերահաստատել, վերաձևավորել: Եվ ուրեմն կապված այն բանի հետ, որ հայկական համակարգը բոլորի կողմից, բացի հայերի շատ շատերի կողմից, որ չեն էլ պատկերացնում, ընկալվում է որպես հզորագույն հնարավորություններ, ներուժ ունեցող և արդեն այդ ներուժը դրսևորած մի համակարգ, և շատ ուժեր դրան արգելակում են»: Եվ այս տրամաբանության մեջ, ըստ Մանուչարյանի, Մարիուս Յուզբաշյանի և Համբարձում Գալստյանի սպանությունները կապված են: Աշոտ Մանուչարյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։