Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայում զարմացել են Հայաստանի գրանցած արդյունքից. Հրաչյա Չանդիրյան

Սպորտ
sport-jracatk-17.12.

Ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն անչափ գոհ է անցած մրցաշրջանի արդյունքներից: «2018 թվականը հայկական ջրացատկի գագաթնակետն էր մեր անկախ հանրապետության պատմության մեջ: Եվրոպայի առաջնությունում, սինխրոն ցատկերում, մեր մարզիկները՝ Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը, զբաղեցրին մրցանակային 3-րդ տեղը: Անհատական մրցումներում Լեւ Սարգսյանը գրավել է 7-րդ տեղը, ինչը նույնպես լավ արդյունք է: Մինչ այդ մեր մարզիկները մասնակցել էին մի շարք գրան-պրիների, միջազգային մրցաշարերի: Ուկրաինայի բաց առաջնությունում Վլադիմիր Հարությունյանն ու Վարդան Բոյանդուրյանը զբաղեցրել էին համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը»: Մամուլի ասուլիսին մասնակցող Վլադիմիր Հարությունյանն ասաց, որ եվրոպական մեդալի նվաճումն էլ ավելի է մոտիվացնում իրեն: «Ես, եղբայրս՝ Ազատը, Լեւ Սարգսյանը, շատ էինք սպասում այս արդյունքին, անում էինք ամեն ինչ, այդ շեմը հաղթահարելու համար: Այժմ ցանկանում ենք նոր հաջողությունների հասնել, գոնե կրկնել այդ արդյունքը, որպեսզի կողքից չմտածեն, որ այդ մեդալի նվաճումն ընդամենը  պատահականության արդյունք էր», - նշեց ջրացատկորտը: Խոսելով հայկական ջրացատկի խնդիրների մասին՝ Հրաչյա Չանդիրյանն ասաց. «Մենք շատ խնդիրներ ունենք, սակայն հիմնականը համարվում է մարզաբազայի բացակայությունը: Մենք պարզապես չունենք սինխրոն ցատկերի համար աշտարակ: Դրա համար էլ, ամբողջ Եվրոպան զարմացած է, որ Հայաստանը չունենալով ոչ մի պայմաններ, կարողացել է մրցանակային տեղ զբաղեցնել: Ինչ վերաբերում է օլիմպավանի լողավազանին, ապա այնտեղ կա աշտարակ, սակայն չկա ոստնակ: Բացի այդ, հարկավոր է նաեւ հատուկ մարզադահլիճ, քանի որ ջրացատկորդները մարզումների 70 տոկոսն անցկացնում են հենց այդ դահլիճներում», - պարզաբանեց հավաքականի գլխավոր մարզիչը: Ինչպես հայտնեց Հրաչյա Չանդիրյանը, առաջիկայում ամենագլխավոր մրցաշարը լինելու է 2020թ Ճապոնիայում նախատեսված վարկանիշային մրցաշարը, որտեղ խաղարկվելու են օլիմպիական խաղերի վերջին ուղեգրերը: «2019 թվականին կարեւորը աշխարհի առաջնությունն է, որի ժամանակ կվիճարկվեն առաջին օլիմպիական ուղեգրերը: Սինխրոն ցատկում հարկավոր է զբաղեցնել 1-3-րդ, իսկ անհատականներում՝ 1-12-րդ տեղերը: 2020թ Տոկիոյում կայանալիք վարկանիշային մրցումներում հարկավոր է տեղ զբաղեցնել առաջին 18 հորիզոնականներում: Աշխարհի առաջնությունում դժվար կլինի լուծել այդ հարցը, իսկ ահա վերջին մրցաշարում նման հեռանկարներ կան», - եզրակացրեց փորձառու մասնագետը: