Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի 2019-ի բյուջեն հետընթաց է նախորդ տարվա համեմատ. «Լույս» (տեսանյութ)

Քաղաքականություն
Luys-logo

Նորընտիր ԱԺ պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. Սիրելի երևանիցիներ, Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում կրճատվել են մեզ և ձեզ համար կարևոր խնդիրների լուծման ծախսումներ։ Սիրելի համաքաղաքացիներ, նոյեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկմանն է ներկայացրել Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծը: Երևանի ավագանու ԼՈւՅՍ խմբակցությունը մանրամասն ուսումնասիրելով նախագիծը արձանագրում է, որ այն հետընթաց է նույնիսկ ի համեմատ 2018թ. Երևանի բյուջեի, որը այդքան քննադատեց Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը և մի շարք հիմնավորումներով դեմ քվեարկեց վերջինիս:

Այսպիսով բյուջեի նախագծում նախորդ տարվա բյուջեի համեմատ իրականացվել են այն փոփոխությունները, որոնց նկատմամբ հրավիրում ենք ձեր ուշադրությունը. Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 մլն-ից աճել է մինչև 1 մլրդ 991.4 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 1մլրդ 232.9 մլն դրամով: Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն նախորդ տարվա 62.7 մլն դրամից աճել է մինչև 112.7 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 50 մլն դրամով: Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 9.2 մլն դրամից աճել է մինչև 169.1 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է շուրջ 160 մլն դրամով: Այս ծախսումների ավելացմանը զուգահեռ նվազեցվել են հետևյալ ծախսային հոդվածների համար նախատեսված միջոցները: ? Տրանսպորտի բյուջեն նախորդ տարվա 15 մլրդ 196 մլն-ից նվազել է մինչև 13 մլրդ 275 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 1 մլրդ 920 մլն դրամով: ?Վերելակների հիմնանորոգման բյուջեն նախորդ տարվա 108.7 մլն-ից նվազել է մինչև 30.7 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 78 մլն դրամով: ?Կանաչ տարածքների հիմնման և պահպանման բյուջեն նախորդ տարվա 1 մլրդ 669 մլն-ից նվազել է մինչև 1 մլրդ 93 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 576 մլն դրամով: ?Փողոցների լուսավորման բյուջեն նախորդ տարվա 4 մլրդ 538 մլն-ից նվազել է մինչև 3 մլրդ 565 մլն դրամ: Ծախսային այս հոդվածը նվազել է շուրջ 1 մլրդ-ով: ?Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 3 մլրդ 28.8 մլն-ից նվազել է մինչև 2 մլրդ 857.5 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 171 մլն դրամով: Աշխատակազմի վրա ծախսվող գումարների ավելացումը պետք է տեղի ունենար օպտիմալացման արդյունքում և ոչ թե հարկատուների կողմից վճարվող գումարներից՝ թվաբանական ավելացմամբ: Իհարկե բազմաթիվ կարևոր ծախսային հոդվածներ, որոնք մշտապես պահանջել են մեծ միջոցներ՝ ավելացվել են: Սակայն մենք ներկայացնում ենք քաղաքային տնտեսության այն կարևորագույն բաղադրիչները (տրանսպորտ, վերելակներ, կանաչապատում, փողոցների լուսավորություն, բազմաբնակարան շենքերի պահպանում) որոնցից բխում է քաղաքի զարգացումը և անվտանգության պահպանումը և որոնց ծախսերի կրճատումը անհիմն է ու չի կարող կոմպենսացվել ծախսային այլ կարևոր հոդվածների մեծացմամբ: Երևանի ավագանու ԼՈւՅՍ խմբակցությունը այս մասով առաջարկություններ քաղաքապետարանին չի ներկայացրել և չի ներկայացնելու, քանզի ակնհայտ է, որ նման փոփոխությունների իրականացումը կարող էր տեղի ունենալ միայն հստակ քաղաքական որոշման կայացման դեպքում: Այսպիսով մենք դիմում ենք Երևանի բնակիչներին և ավագանու մեր գործընկերներին համատեղ ջանքերով փոփոխելու այս վերաբաշխումները: