Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետխորհրդային Հայաստանի քաղաքականության հերթական զոհը

Քաղաքականություն
380ff81005517dcb83124c4eaeb82f8c

2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիի համայնքապետարանի աշխատակից, 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի՝ դաժան ծեծի հետևանքով սպանությունը Հայաստանի Հանրապետությունում ռուսական 102-րդ ռազմական բազայի տեղակայման հերթական ողբերգական հետևանքն էր մեր երկրի քաղաքացիների համար: Հարուցված քրեական գործով ձերբակալված ռուս զինծառայողի հանձնման մասին Հայաստանի իրավապահ մարմիններին՝ մինչ օրս, որևէ տեղեկատվություն հայտնի չէ: Հետևաբար՝ առավոտյան աշխատավայր գնացող հայ կնոջը ծեծելով մահվան հասցրած զինծառայողը, փաստացի, պահվում է ռուսական ռազմաբազայի տարածքում: Մեր հանրությունը շատ լավ հիշում է Գյումրիում եղեռնագործության զոհ դարձած, երեք սերունդ ներկայացնող Ավետիսյանների սպանության դեպքը, այլ դեպքեր ևս, որոնց նույնպես զոհ են գնացել մեր երկրի քաղաքացիները՝ սպանված և վիրավոր:   Մեր հանրությունը հիշում է նաև այս տարվա ամռանը Շիրակի մարզի Փանիկ գյուղում (առանց նախապես տեղյակ պահելու հայկական կողմին) ռուսական ստորաբաժանումների զորավարժությունները, որոնք ուղեկցվել էին բնակիչներին խուճապի մատնող անսպասելի կրակոցներով և պայթյուններով:  Այս խայտառակ դեպքի մեղավորները մինչ օրս պատժված չեն: Այս ամենում իրենց մեղքի բաժինն ունեն և ունեցել են նաև մեր երկրի օրվա իշխանությունները` հաճոյակատար քաղաքականությամբ Ռուսաստանի Դաշնության և այդ երկրի զինվորական միավորումների ու ներկայացուցիչների նկատմամբ: Ռազմաբազայի զինծառայողն առավոտյան վաղ ի՞նչ գործ ուներ Գյումրի քաղաքի փողոցներում, ինչպե՞ս էր նա այդ վաղ ժամին հայտնվել տվյալ վայրում, արդյոք զենքո՞վ է եղել, հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունն ինչո՞ւ բացահայտվեց դեպքից շուրջ 10 օր անց, երբ մինչ այդ առկա էին տեսանյութեր, և  ամենակարևորը՝ հանցագործության մեջ կասկածվող զինծառայողն ինչո՞ւ մինչ օրս չի հանձնվել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ սրանք հարցեր են, որոնց ամբողջական պատասխանները պետք է տրվեն հայկական իրավապահ մարմիններին և հանրությանը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների հաճոյամիտ  քաղաքականությունը միջպետական փաստաթղթերով դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ինչին զոհ են գնում մեր երկրի քաղաքացիները, ինչի պատճառով ռուսական 102-րդ ռազմական բազայի զինծառայողները մեր երկրի բնակավայրերում իրենց զգում ու դրսևորում են, որպես ամենակարող և անպատժելի: Մենք պահանջում ենք այսօրվա գործող իշխանություններից՝ դրսևորել անկախ պետությանը հարիր արժանապատվություն և տեր կանգնել սեփական երկրի քաղաքացիների կողմից իրենց հայրենիքում ապահով ապրելու և արարելու իրավունքին: Հակառակ դեպքում՝ ՀՀ քաղաքացիներն իրենք կբանեցնեն իրենց իրավունքները և արդար պահանջատիրությունը՝ անկախ նրանից, թե ովքեր կամ որ երկրի ներկայացուցիչներն են ոտնահարում իրենց իրավունքները:   Հ.Գ Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանի Հանրապետությունն աշխարհում միակ վայրն է, որտեղ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միաժամանակ թույլատրվել է պետական սահմանի պաշտպանությունն ու զինվորական ռազմաբազայի գործունեությունը: 1992 թ. Ռուսաստանի և Հայաստանի միջեւ կնքվել է պայմանագիր «Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ-ի Սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրա գործունեության մասին»: Այդ ժամանակ Հայաստանը՝ իբրև Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, պետական սահմանի թուրքական և իրանական հատվածների պաշտպանությունը փոխանցել է ռուս սահմանապահներին: 1995 թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքվել է Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի անփոխհատույց գործունեության մասին աննախադեպ պայմանագիր, համաձայն որի՝ ռուսական ռազմաբազայի ծախսերի մի մասն իր վրա է վերցնում Հայաստանի Հանրապետությունը, և այդ պայամանագիրը վերջերս երկարացվել է ևս 49 տարով: Վերոհիշյալ պայմանագրերը ենթադրում են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմանի հարգանք, երկկողմանի հետաքրքրություն և երկկողմանի համագործակցություն: Այս պայմանագրերից Ռուսաստանի շահերը ոչ միայն ահռելի են, այլև այլընտրանքը չունեցող: Սակայն, որքան էլ տարօրինակ է, Հայաստանի քաղաքացիները վերջին տարիների ընթացքում ռուսաստանյան կողմի օրեցօր ավելի հաճախակի դարձած ոչ բանական և անօրեն որոշումների ականատեսն են դառնում (սկսած Հայաստանի թշնամի՝ Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելուց, Ադրբեջանին ԵԱՏՄ և ՀԱՊԿ ներգրավվելուց վերջացրած՝ Գյումրիում ողբերգությամբ): «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ` Զարուհի Փոստանջյան