Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խտրական վերաբերմունք, թե՞ անսովորություն (տեսանյութ)

Հասարակություն
sona-2

«Դասախոսները մտածում են, որ տեսողական խանգարում ունեցող ուսանողը չի կարող քննությունը պատասխանել և ուղղակի գնահատական են նշանակում։ Հաշվի չեն առնում, որ պատրաստ ես և կարող ես ավելի բարձր գնահատական ստանալ»,-ասում է Երևանի պետական համալսարանի ուսանող Ամալյա Հարությունյանը, ով տեսողական լուրջ խնդիրներ ունի։ Ամալյան պնդում է, որ  խտրական վերաբերմունք է նկատում իր հանդեպ և պատմում, որ եղել են դեպքեր, երբ դասախոսները իր հասցեին վիրավորական արտահայտություններ են արել։ Նրա խոսքով, դասախոսներից մեկն իրեն ասել է. «Աննորմալները պետք է առաձին սովորեն», իսկ մյուսը՝ «Աստված պատժել է հիվանդ երեխաներին»։ Ինքն այս դեպքերի մասին տեղյակ է պահել ուսանողական խորհրդին և դեկանին, սակայն խնդիրը լուծում չի ստացել։ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ տեղյակ չէ այս դեպքերից, բայց կարծում է, որ խնդիրը հաղորդակցման մշակույթի բացն է եղել։ «Որոշակի շփման հմտություններ են պետք նման ուսանողների հետ աշխատելու համար, և հնարավոր է դասախոսների վերապատրաստման ժամանակ պետք է ներկայացնել նաև նման ուսանողների հետ շփման ձևը»։ ԵՊՀ-ում սովորում է 37 հաշմանդամություն ունեցող ուսանող, որոնցից 2-ը ունեն տեսողական լուրջ խնդիրներ։ Տեսողական խնդիրներ ունեցող ուսանողները փաստում են, որ համալսարանում չկան համապատասխան պայմաններ իրենց որակյալ կրթությունն ապահովելու համար։ Մասնավորապես, չկան բրալյան համակարգով և աուդիո տարբերակով դասագրքեր։ Խնդիրներ կան նաև լսարանների կահավորման հետ. գրատախտակները հեռու են և մատչելի չեն տեսողական խանգարում ունեցող անձանց համար։ Իսկ պրոռեկտորն ասում է, որ աուդիոդասագրքերի ստեղծումը մեծ ծախսերի հետ է կապված, իսկ համալսարանը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ։ «Հաշմանդամություն ունեցող  ուսանողների համար համալսարանի կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի ստեղծվեն ուսումնառության համապատասխան պայմաններ»։ Մարկոսյանի խոսքով, ուսանողներից մեկի հետ ուսումնաօժանդակ լրացուցիչ աշխատանք է կատարում լաբորանտը, որը ուսանողի հետ կրկին անցում է համապատասխան նյութերը, իսկ երկրորդ ուսանողի դեպքում՝ տեսողական խնդիրները ավելի քիչ են. նրա համար որոշ գրավոր քննություններ կազմակերպվում են բանավոր տարբերակով»։