Հայաստանում ֆինանսական համակարգը կայուն է. ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97%

Զեկույցի համաձայն՝ ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, իսկ ճկունությունն աճել՝ երաշխիք հանդիսանալով ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման համար: Թեև տարածաշրջանին բնորոշ արտաքին ռիսկերը մնում են արդիական, այնուամենայնիվ, իրականացված սթրես-թեստերի արդյունքները վկայում են, որ Հայաստանի բանկային համակարգի կողմից ռիսկերի կլանման ճկունությունը պահպանվում է:

Ըստ ԱՄՀ գործադիր խորհրդի գնահատման՝ Հայաստանի բանկային համակարգը ունակ է եղել դիմակայել 2014 թ.-ի տնտեսական անկման հետևանքներին՝ ինչին էապես նպաստել են նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք մակրոպրուդենցիալ միջոցառումներ։ Բարձր է գնահատվել Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին ՀՀ բանկային համակարգի կարգավորման և վերահսկողական գործընթացների համապատասխանության մակարդակը: Վերոնշյալ սկզբունքներին ՀՀ բանկային համակարգի կարգավորման և վերահսկողական գործընթացներն ամբողջությամբ կամ հիմնականում  համապատասխանում են 97%-ով, ինչը զգալիորեն բարելավվել է նախորդ տարիների համեմատ (վերոնշյալ ցուցանիշը 2012 թ.-ին կազմել է 93%, իսկ 2005 թ.-ին՝ 70%):

ԱՄՀ գործադիր խորհուրդը ողջունել է ֆինանսական համակարգի կայունության և զարգացման մասով արձանագրված առաջընթացը: Կարևորելով դոլարիզացիայի մակարդակի նվազեցմանը, Բազել 3-ի պահանջների և ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ներդրմանն ուղղված միջոցառումների շարունակականությունն ու կատարելագործումը՝ Խորհուրդը հանդես է եկել մի շարք առաջարկություններով: Մասնավորապես, հաշվի առնելով բանկային համակարգի ցածր շահութաբերության մակարդակը, արտարժութային ռիսկից ածանցվող վարկային և իրացվելիության ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունը, Խորհուրդն առաջարկել է ներդնել իրացվելիության և կապիտալի նոր պահանջները, վերանայել և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնել Ներքին կապիտալի համարժեքության գնահատման գործընթացը, չաշխատող և վերակառուցված վարկերի հաշվարկը, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ֆինանսական հաշվառումը: Խորհրդի կողմից առաջարկվել է աշխատանքներ իրականացնել ֆինանսական ճգնաժամերի կառավարման գործընթացների կատարելագործման ուղղությամբ՝ այն առավել սահուն և համապարփակ դարձնելու նպատակով:

 

Ֆինանսական հատվածի գնահատման ծրագիրն (FSAP) իրենից ներկայացնում է առանձին երկրների ֆինանսական համակարգերի համակողմանի վերլուծություն: Զարգացող և անցումային երկրներում գնահատումն իրականացվում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից համատեղ: Ֆինանսական հատվածի գնահատման ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ ֆինանսական կայունության և ֆինանսական զարգացվածության գնահատումներից:

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ, հասարակայնության հետ կապերի ծառայություն