Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավազակությամբ զուգորդված սպանության փորձ

Պաշտոնական
qnnchakan

       ՀՀ  քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության  փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք  է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 42-ամյա բնակչին:       Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ հիմնավորվել էոր Գեղարքունիքի մարզի բնակիչը, 2018 թվականի օգոստոսի 22-ին  գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ իր բնակարանի պատշգամբից ապօրինի մուտք է գործել  հարևանուհու բնակարան, որտեղ հյուրասենյակում դրված պայուսակից  հափշտակել է 5 կտոր ոսկյա զարդ, 1000 ՌԴ ռուբլի, իսկ սեղանի վրայից վերցրել է «Nokia» մոդելի բջջային հեռախոս:        Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հափշտակության պահին տուն է վերադարձել 79-ամյա տանտիրուհին և փորձել է կանխել հափշտակությունը:       Գեղարքունիքի մարզի բնակիչը՝  հափշտակությունը բացահայտ շարունակելու և մինչև վերջ հասցնելու նպատակով, հատակից վերցրել է աղյուս, հարձակվել կնոջ վրա ու ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ աղյուսով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան , ինչի հետևանքով 79-ամյա կինը կորցրել է գիտակցությունը և վայր  ընկել, իսկ  42-ամյա բնակիչը, կարծելով, որ սպանել է հարևանուհուն, դիմել է փախուստի՝ իր հետ տանելով հափշտակած իրերը:        Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գեղարքունի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:         Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին