Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վագա Ֆարմն» ընդդեմ «Նատալի Ֆարմի» և «Ալֆա ֆարմի». ՏՄՊՊՀ-ը քննում է գործը

Տնտեսություն Պաշտոնական
vardan

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում բողոք  է ներկայացրել «Վագա Ֆարմ» ընկերությունը՝ ընդդեմ «Նատալի Ֆարմ» և «Ալֆա ֆարմ» դեղագործական ընկերությունների: «Վագա Ֆարմը» տեղեկացնում է, որ իր մեծածախ և մանրածախ վաճառքի համար որոշ դեղեր ձեռք է բերում վերոնշյալ երկու ընկերություններից: Ըստ բողոքի, ոլորտում գործող այլ տնտեսվարողներին շատ ավելի փոքրածավալ ձեռքբերումների դեպքում տրամադրվում են զեղչեր, սակայն իրենց անհամեմատ ավելի  մեծ ծավալներով պատվիրելու դեպքում՝ համարժեք զեղչեր չեն կիրառվում: «Վագա Ֆարմը» նշում է, որ ինքը չի կարողանում մրցակցել հավասար պայմաններով, քանի որ մյուս ընկերությունները, իրենց տրամադրված ավելի մեծ զեղչերի հաշվին, կարողանում են վարել ավելի ճկուն գնային քաղաքականություն: Դիմումատուն նշում է նաև, որ բազմիցս դիմել է մատակարարներին՝ իրենց հանդեպ ևս մյուսներին հավասար զեղչեր կիրառելու խնդրանքով, որը, սակայն մերժվել է՝ անարժանահավատ պատճառաբանություններով: Վերոնշյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում, այսօր Հանձնաժողովում կայացել է հարցի քննարկում՝ «Վագա Ֆարմ», «Նատալի Ֆարմ» և «Ալֆա ֆարմ» ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ի պատասխան «Վագա Ֆարմի», վերոնշյալ ընկերությունները  խնդրի վերաբերյալ Հանձնաժողովին հայտնեցին իրենց դիրքորոշումը՝ մասնավորապես նշելով, որ իրենց կողմից կիրառվող զեղչային քաղաքականությունը չի որոշվում միայն պատվիրատուի ձեռք բերված դեղորայքի ծավալներով, գործում են նաև այլ չափանիշներ: Ըստ էության, չժխտելով դեղորայքի վաճառքով զբաղվող տնտեսվարողների հանդեպ զեղչային տարբեր քաղաքականություն կիրառելու հանգամանքը, նրանք Հանձնաժողովին տեղեկացրեցին, որ զեղչեր կիրառելիս առաջնորդվում են առավելապես երկարաժամկետ պայմանավորվածությունների, տնտեսվարողի կանխատեսելիության, առաջարկվող դեղորայքի ողջ տեսականիի ձեռքբերման, դեղատների ցանցերում ճիշտ ներկայացվածության և մի շարք այլ չափանիշների հիման վրա: Բացի այդ, նրանք նշեցին նաև, որ զեղչեր տրամադրում են բոլոր ձեռքբերողներին, իսկ հավելյալ զեղչեր՝ ոչ բոլորին: ՀՀ մրցակցային մարմինը, հարուցված վարչական վարույթի շրջանակներում կիրականացնի համակողմանի ուսումնասիրություն և առաջիկայում  կհրապարակի խնդրի վերաբերյալ իր որոշումը: ՏՄՊՊՀ