Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանցքային խնդիրը՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցն է. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-6

Այսօր ԱԺ արտահերթ ընտրություններից հետո  Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության առաջին նիստն էր: «Մեր անելիքները դեռ առջեւում են, բայց ինչ-որ բան հասցրել ենք անել, ինչը մեր քաղաքացիներին հիմք է տվել մեր գործունեությունը շարունակելու մանդատ տալ»,-ելույթի սկզբում ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը ուղենշեց առաջիկա իրենց անելիքները: «Առաջինը՝ իհարկե տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է եւ պետք է արձանագրել, որ Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա եւ այդ հետաքրքրությունն առաջիկայում շարունակելու է աճել, եւ ես ուզում եմ ՀՀ բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա եւ իմ ուղիղ հանձնարարականն է՝ ստեղծել բոլոր պայմանները եւ չստեղծել որեւէ խոչընդոտ պոտենցիալ ներդրողների համար եւ հույս ունեմ, որ որեւէ ազդակ չեմ ստանա որեւէ պաշտոնյայի մասին, որ որեւէ խոչընդոտներ են հարուցվում եւ այլն: Մեր նախընտրական ծրագրի կարեւորագույն կետերից  է, որ այսպես կոչված բյուրոկրատական քաշքշուկների օրենսդրությամբ նախատեսված ինստիտուտը վերացնենք եւ հնարավորինս պարզեցնենք ընթացակարգերը, որպեսզի նաեւ այդ առումով դե յուրե արհեստական խոչընդոտ չլինի: Առաջիկա անելիքներից է ներդրումների խթանումը եւ բոլոր պոտենցիալ ներդրողների հետ մենք շատ արագ նրանց համար պետք է ստեղծել բարենպաստ միջավայր եւ պայմաններ, որպեսզի ներդրումային ցանկությունները դառնան ներդրումներ»,-մինչ նիստի օրակարգին անցնելն ասաց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի խոսքով, իր կառավարության երկրորդ խնդիրը ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումն է, եւ պետք է ի վիճակի լինել էական զարգացում ապահովվել ռազմաարդյունաբերական համալիրում: «Այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի, ինչպես նաեւ Հայաստանում ինժեներական եւ տեխնիկական գիտական միտքը զարգացնելու հրամայականի հետ: Հաջորդ առանցքային խնդիրը՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցն է, սրա մասին մենք խոսել ենք նաեւ նախընտրական շրջանում, եւ ասել եմ, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում մենք պետք է ի վիճակի լինենք զինված ուժերի զարգացման նպատակի համար ներդնել շուրջ 2,5մլրդ դոլար եւ այդ միջոցները գտնելու ուղղությամբ մենք պետք է լրջագույն աշխատանք տանենք, խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է լինի նաեւ զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված»:   Փաշինյանն ընդգծեց, որ կրթության  ոլորտում եւս լրջագույն անելիքներ կան: «Խոսքը բարձրագույն կրթական համակարգը որակական նոր մակարդակի բերելն է, այն կոնկրետացնելն է եւ նրա կապը տնտեսության կարիքների հետ ուժեղացնելն ու իրողություն դարձնելն է: Մեծ դիզբալանս է առաջացել ֆորմալ բուհական համակարգի եւ գերատեսչական համակարգի  միջեւ, մենք պետք  է նույնականացնեք այդ երկու համակարգերը: Հաջորդը՝ առողջապահական ոլորտն է: Լրջագույն բարեփոխումներ պետք է իրականացվեն, որոնց նպատակը պետք է լինի առողջապահության հասանելիությունը մեր հասարակության լայն շերտերին: Կարեւորագույն դրույթներից է ծայրահեղ աղքատությունն արմատախիլ անելն է»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը: