Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի մեջլիսի պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի ռիսկերը

Քաղաքականություն
atomakayan

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (HDP-ԺԴԿ) Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը մեջլիսին Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) վերաբերյալ հետազոտություն անցկացնելու առաջարկ է ներկայացրել: Հայաստանի հետ սահմանային նահանգից ընտրված պատգամավորն առաջարկել է հայկական  ատոմակայանի կողմից մարդկանց և բնությանը հասցվող վնասները կանխելու նպատակով ուսումնասիրել ՀԱԷԿ-ի ճառագայթման ռիսկերը և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Պատգամավորի կողմից մեջլիս ներկայացված առաջարկում որպես փաստարկ է բերվել այն հանգամանքը, որ «ատոմակայանն աշխատում է աշխարհի ամենահին տեխնելոգիաներով»: Էքսիքը ՀԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ մասնավորապես ասել է. «Առաջին էներգաբլոկն աշխատում է առաջին սերնդի ռեակտորով, բացի այդ այն չունի ռադիոակտիվ նույթերի արտանետումները կանխարգելող պողպատե պաշտպանական գմբեթ: Երկրորդ էներգաբլոկn էլ ատոմային աղետները կանխարգելող տեխնոլոգիաներով հագեցված չէ և չունի անվտանգության համակարգ: Երկրորդ էներգաբլոկի ռեակտորի տեսակն էլ ցածր է արևմտյան ստանդարտներից»: Առաջարկում ասվում է, որ ատոմակայանը վտանգավոր գոտում է գտնվում և  երկրաշարժի դեպքում Թուրքիային, Հայաստանին և Կովկասին մեծ վտանգ է սպառնում: Թուրքիայի արևելյան և հարավային նահանգները կանգնած են մեծ ռադիոակտիվ վտանգի առաջ: Ըստ քրդամետ կուսակցության պատգամավորի տվյալների՝ ատոմակայանի գործունեության պատճառով Իգդիրի և շրջակայքի բնակչության մոտ վերջին 10 տարում քաղցկեղով հիվանդության դեպքերը 100 տոկոսով աճել են: «Մեր իշխանությունները որևէ միջոց չեն ձեռնարկում այս ատոմակայանի հարցում, որը մեր երկրին սպառնում է այնպես, ինչպես պայթյունի պատրաստ ատոմային ռումբը: Կառավարությունը  պետք է որոշում կայացնի և քայլեր կատարի Մեծամորի ատոմակայանը փակել տալու ուղղությամբ, որը հասարակության, մարդկանց առողջության բնապահպանության համար մեծ ռիսկեր է պարունակում»,- եզրափակել է Էքսիքը: ermenihaber.am