Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավտորիտարիզմի ևս մեկ ժամանակավոր հաղթանակ հայ  ազգի հանդեպ»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
erkir-tsirani

ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ՎԵՐԲԵՌՆՈՒՄ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ» անվան ներքո Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել գործող ավտորիտար համակարգի վերբեռնում:  Աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում՝ Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի կողմից իրականացվող իշխանության վերբեռնումը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում, կեղծ վախեր սերմանելով՝ «ընտրության» անվան ներքո դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել հայ ազգի քաղաքական ընտրության հնարավորության արգելափակում: Վերբեռնումն ընթացել է Սերժ Սարգսյանի գործուն մասնակցությամբ`

  • իր ռեժիմի սպասարկուների միջոցով և նրանց ռեսուրսների օգտագործմամբ (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի և «ՀՀԿ»-ի միջև ցուցադրելով կեղծ պայքար` հեղափոխական և հակահեղափոխական, սև և սպիտակ, դուխով և խելքով...),
  • նախագծված սուպերվարչապետական ավտորիտար քաղաքական համակարգի կանոններով (2015 թվականի ՀՀ Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք),
  • ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 անձանց ցուցակով,
  • ՀՀ ԿՀԸ-ի ղեկավար Տիգրան Մուկուչյանի  հանցավոր մասնակցությամբ:
  Գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, կրկնեցին նախորդներին և փաստացի յուրացրեցին օրենսդիր իշխանությունը: Ավտորիտարիզմի վերբեռնումը տեղի է ունեցել ընտրական ռեգիստրում գրանցված անձանց  50 %-ից էլ պակաս  մասնակցությամբ: Ընտրություններին արցախցիների և օտար երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների չմասնակցելն ու խորհրդարան անցնելու ընտրական բարձր շեմը զրկել են հայ ազգի առավել մեծ հատվածին` Ազգային ժողովում ներկայացված լինելու հնարավորությունից: Այս իրողությունները մենք գնահատում ենք որպես ավտորիտարիզմի ևս մեկ ժամանակավոր հաղթանակ հայ  ազգի հանդեպ: Հայ ազգի արդար ցասումը արդի պատմության ընթացքում՝ սկսած 88-ից, չի արձանագրել մեր բաժան-բաժան եղած հողի և ազգի իրական միացում: Ավտորիտարիզմի վերբեռնումը չի լուծելու մեր ազգի և պետականության առջև առկա հրատապ մարտահրավերները` պատերազմը և տնտեսության գահավիժումը: Ուստի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հայ ազգի համակենտրոնացում (մոբիլիզացիա)՝ Հայկական Մեծ իրական  հեղափոխություն իրականացնելու համար:   «Երկիր Ծիրանի» կուսակցություն   11 դեկտեմբերի 2018 Երևան