A
A
Ընտրությունների նախնական հետևությունները. Նիկոլ Փաշինյանը մնում է մեն -մենակ
Ընտրությունները և ձևավորված իրականությունը պատշաճ խորությամբ վերլուծելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ։ Այս պահին կարող ենք անել մի քանի կարևոր փաստագրում՝ դրական, մտահոգիչ և զավեշտալի։
- Այս ընտրությունների արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանը մնում է մեն մենակ՝ Հայաստանի բոլոր ծանրագույն մարտահրավերների առաջ։ Կար մի քանի տարբերակ խուսափելու այս գերկոնցենտրացված վիճակից, բայց ընտրվեց հենց այս մեկը, որի պատճառները մենք երևի ժամանակի ընթացքում կհասկանանք։
- «Ռեյտինգային» համակարգն իր ողջ արատավոր հմայքով հաջողությամբ օգտագործվեց նոր իշխանությունների կողմից։ Օրինակներից միայն մեկը նշենք. արժանապատիվ և հպարտ քաղաքացիները ազատ և արդար ընտրություններում, ազատ կամարտահայտությամբ բոլոր թեկնածուներից ամենաշատ՝ 31 000 ձայն են տվել Սասուն Միքայելյանին, որը երբևէ չի առանձնացել որպես ինտելեկտուալ օրենսդիր։
- Արժանապատիվ և հպարտ քաղաքացիները տասնյակ հազարավոր ձայներ են տվել այլ ուժերի ցուցակներում ներկայացված՝ նվազ տառաճանաչ, ոչ վաղ անցյալում այսօրվա գործող իշխանության կողմից «կրիմինալ» որակվող անձանց և այլն։
- Նորանշանակ մարզպետները, ընդամենը մի քանի ամիս պաշտոնավարած, իրենց մարզերում ստանում են 15-20 հազարական և ավելի ձայներ. սա լուրջ պրոբլեմի մասին է վկայում։ Հասկանալի է, որ նրանք օբյեկտիվորեն լուրջ գործեր չէին հասցրել անել, չէին կարող նման բացառիկ հեղինակություն վաստակել։ Ու ինչքան էլ կրկնենք, թե հզոր ժողովուրդ ենք ու ժողովուրդը էլի հաղթեց, միևնույն է չի հասկացվում, թե հզորությունը տվյալ դեպքում որտեղ է, և հատկապես ո՛ւմ հաղթեցինք։
- Արժանապատիվ և հպարտ քաղաքացիները հարյուր հազարավոր ձայներ են տվել մարդկանց, որոնց անունը 7 ամիս առաջ ընդհանրապես չէին լսել, և որոնց 90 տոկոսը այս 7 ամսվա ընթացքում որևէ լուրջ միտք չի ձևակերպել։ Նայեք ռեյտինգայինի թոփ տասնյակը և կհամոզվեք։ Նշանակում է՝ հասարակության մի մեծ հատված շարունակում է քվեարկել գործող ուժի օգտին՝ առանց երկար մտածելու։
- Փոխարենը՝ Նոր Հայաստանում իմ ընկեր (և, ի դեպ, կարգին մարդ՝ չնայած մեդիայի ստեղծած կերպարին) Էդուարդ Բաբայանը ստացել է ավելի շատ ձայն, քան՝ ԲՀԿ ողջ քաղաքական թիմը միասին վերցրած։
- Մի դրվագը բացում է շատ փակագծեր։ Տապալումների և ձախողումների մեջ պետք չէ կոնսպիրոլոգիա և բարդ տեսություններ փնտրել։ Առաջարկում եմ բոլորին՝ մեկ անգամ ևս ուշադիր նայել, թե որտեղ էր քվեարկում Սերժ Սարգսյանը։ Ճակատագրի բերումով՝ նախկին նախագահը նոր գրանցում ունի և ստիպված էր քվեարկել նոր վայրում. դա իբր թե մարզադահլիճ էր։ Նայեք պատերին, նայեք դահլիճի վիճակին՝ 21-դարում Հայաստանում այդ վիճակն է՝ երբևէ չվերանորոգված, չխնամված։ Դա ավելի շատ լքված գոմ էր հիշեցնում, քան՝ հանրակրթական մարզադահլիճ։ Ու հիմա համեմատեք պաշտոնյաների ու օլիգարխների, նրանց ընտանիքների՝ ապրելու և մարզվելու պայմանների հետ, ու էլ հարց չի ծագի՝ ինչու այսպես եղավ։
- Որպես դրական փաստ արձանագրենք, որ ընտրատեղամասերի առջև չկային մարզահագուստներով կիսակրիմինալ զանգվածներ և գազելային հասարակություն։ Եվ սա իրոք շատ կարևոր է։
- Եվ վերջապես՝ խորհուրդ կտամ առկա իրավիճակը վերլուծելիս հրաժարվել բարդ ձևակերպումներից՝ էլեկտորալ վարքագիծ, հետհեղափոխական սթրես, գաղափարական վակուում և այլն և այլն։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է և պետք է նկարագրվի շատ ավելի պարզ բառերով ու ձևակերպումներով։ Հայ հասարակության սոցիոլոգիան առանձին գիտություն է, որով կարելի էր հանգիստ, մի քիչ հումորով ու պրոցեսներին անհաղորդ զբաղվել, եթե իհարկե կարողանաս մոռանալ, որ ադրբեջանա-թուրքական բանակը գտնվում է Երևանից մեկ ժամվա հեռավորության վրա։