Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժողովրդավարության հաղթանակ թե բռնապետության հաստատում՝ ՀՀ ընտրությունները արտերկրյա ԶԼՄ-ներում (տեսանյութ)

Քաղաքականություն
A3827631-6959-407B-B133-427DB68F3124_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն Հայաստանում անցած խորհրդարանական ընտրությունները տարատեսակ արձագանք են ստացել արտերկրյա լրատվամիջոցների կողմից: Շատերն ընդգծում են, որ հաղթանակած ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց անցկացնել Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ, ոմանք էլ՝ մեջբերում հանրապետականներին, ասելով, որ Հայաստանում Հիտլերյան ոճի բռնապետություն է հաստատվում: Ամերիկյան The New York Times-ն ընտրություններին նվիրված հոդվածում ընդգծում է, որ կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ ապրիլյան բողոքներից հետո իշխանության եկած Փաշինյանը կտրուկ տարբերվում է 1990-ականների վերջից Հայաստանը կառավարող կադրերից: Fox News հեռուստաալիքը հիշեցնում է, որ նախընտրական պայքարի ընթացքում Փաշինյանը հին էլիտային մեղադրում էր կոռուպցիայի մեջ՝ միեւնույն ժամանակ, խոստանալով վերականգնել տնտեսությունը, նոր աշխատատեղեր բացել եւ բազմաթիվ հայերի հայրենիք վերադառնալու պայմաններ ստեղծել: Բրիտանական The Times-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց խաղաղ բողոքների միջոցով իշխանությունից հեռացնել «Մոսկվայի աջակցությունը վայելող 64-ամյա Սերժ Սարգսյանին, ով ժողովրդի զայրույթն առաջացրեց Սահմանադրության վերաշարադրման եւ իր տասնամյա իշխանությունը երկարացնելու փորձով»: BBC-ն ընդգծելով, որ հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է առաջ քաշել կոռուպցիայի դեմ պայքարի եւ տնտեսական բարեփոխումների իր ծրագրերը, միեւնույն ժամանակ մեջբերում է, լրատվամիջոցի հաղորդմամբ «Հանրապետական Կուսակցության բարձրաստիճան անդամների, ովքեր մեղադրել են պարոն Փաշինյանին Հայաստանը 1930-ականների Գերմանիա դարձնելու եւ Հիտլեր դառնալու փորձում»: Բրիտանական Guardian-ը սակայն հաղորդում է, որ Երեւանի ընտրատեղամասերում քաղաքացիները լավատեսորեն են տրամադրված Փաշինյանի խոստացված քաղաքական փոփոխությունների վերաբերյալ: Deutsche Welle-ն ընտրություններին նվիրված իր խմբագրականում նշում է. «Հայաստանն աշխարհին ցույց տվեց, որ հեղափոխությունը չպետք է լինի արյունալի», ավելացնելով, որ Հայաստանում կարծես թե իսկապես իշխանության են գալիս նոր ուժեր՝ երիտասարդ գիտնականներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: Al Jazeera-ն իր տեսանյութում նշում է, որ պարտված Հանրապետական կուսակցությունը կարող է ընդհանրապես վերանալ՝ միեւնույն ժամանակ մեջբերելով հեղինակի խոսքով Հայաստանում տարածված անեկդոտ, թե որոշ քաղաքացիներ բողոքում են, որ այս ընտրություններին ընտրակաշառք առաջարկող չկար: Ռուսաստանի լրատվամիջոցները տարակարծիք էին «Իմ Քայլը» դաշինքի հաղթանակի եւ հատկապես՝ Հանրապետական կուսակցության պարտության կապակցությամբ: Պետական Российская газета-ն հաղորդում է, որ քանի որ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությանը չի հաջողվում խորհրդարան անցնել, «Փաշինյանի կուսակցությունը, ով կղեկավարի կառավարությունը, իրական ընդդիմություն չի ունենալու»: Gazeta.ru-ն ընդգծում է, որ անցած ընտրությունների գլխավոր անակնկալը ոչ թե «Փաշինյանի կողմնակիցների հաղթանակն էր, այլ՝ նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից խորհրդարան չմտնելը»: Լրատվամիջոցն ավելացնում է, որ Հանրապետականի կարծիքով «Փաշինյանի կողմնակիցները երկրում վախի մթնոլորտ են փորձում ստեղծել»: Հատուկ ցավով է անդրադարձել Հայաստանի ընտրությունների արդյունքներին ռուսական Росбалт-ը, որի կարծիքով, Հայաստանում ընտրողների ցածր ակտիվություն էր եւ դա նշանակում է, որ ժողովրդի մեծ մասը չի վստահում ոչ՛ «նորերին», ի դեմս Փաշինյանի, ոչ էլ «հներին», ի դեմս հանրապետականների: «Հանրապետականներին բաց աջակցելը վտանգավոր է՝ դա հաստատում է երկրով մեկ անցած քաղաքական ռեպրեսիաների ալիքը», գրում է Росбалт-ը եզրակացնելով, որ իրականում ցածր մասնակցությունը նախկին իշխող կուսակցության աջակցությունն է: «Ընդհանուր առմամբ, պարզունակ թվաբանությամբ ստանում ենք հետեւյալ պատկերը. Ընտրություններին չի մասնակցել ընտրողների կեսից ավելին, իսկ հեղափոխական իշխանության օգտին քվեարկել է «մնացորդի» 70.44 տոկոսը: Այնպես որ, արդյունքում Հայաստանում պարտություն են կրել բոլորը, այդ թվում եւ Փաշինյանը»: