Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու՞ Արմավիրի մարզը ցուցաբերեց ամենապասիվ մասնակցությունը

Հասարակություն
olya-1

Արմավիրի մարզում ընտրություններին չմասնակցելու պատճառները տարբեր են՝ ռեյտինգային ընտրական համակարգի պահպանումից մինչև եղանակային անբարենպաստ պայմաններ: Արմավիրցիներն իրենց պասիվությունը մեկնաբանում են ռեյտինգային թեկնածուներին չճանաչելու հանգամանքով, ինչպես նաև այն համոզմամբ, որ իշխող ուժը բավականին շատ համակիրներ ունենալով հանդերձ՝ չուներ իրենց օգնության անհրաժեշտությունն ընտրություններում հաղթելու համար: Ընտրողներից մեկի հավաստմամբ մարզում եղել են ուղղորդված քվեարկություններ. «Մեր տեղամասում անգամ դիտորդներ չկային, և ընտրողները բացահայտ ասում էին, թե որ ուժերի օգտին են քվեարկելու»: Մեկ այլ ընտրող վստահեցնում է, որ այս ընտրությունները բոլոր առումներով տարբերվում էին մյուսներից. «Նրանք, ովքեր սովորաբար չէին մասնակցում ընտրություններին, այս անգամ ակտիվորեն կատարում էին իրենց քաղաքացիական պարտքը»: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գրիգորյանը ընտրական գործընթացի ընթացքը դրական է գնահատում: Նա նշում է, որ կոնկրետ այն ընտրատեղամասում, որտեղ ինքը հանձնաժողովի անդամ է եղել, ընտրողներն ազատ են եղել իրենց ընտրության հարցում և ինքն ուղղորդման դեպքեր չի արձանագրել, ընտրատեղամասի շուրջ էլ մարդկանց կուտակումներ չի եղել: Մարզում ցուցաբերված պասիվությունը Գրիգորյանը մեկնաբանում է նախորդ ընտրությունների ընթացքում կիրառված ուղղորդման դեպքերի բացակայությամբ, ինչպես նաև եղանակային անբարենպաստ պայմաններով: Դիտորդ Մելինե Այվազյանն արձանագրեց, որ հանձնաժողովի անդամները չէին տիրապետում իրենց իրավունքներին և պարտականություններին: Դիտորդն այս անգամ ուղղորդման դեպքեր չի նկատել. «Ընտրատեղամաս եկած ընտրողների մեծ մասը 40-ից  բարձր տարիքի էին: Երիտասարդ ընտրողները շատ քիչ էին»: «Ականատես» դիտորդական նախաձեռնության Արմավիրի համակարգող Անի Թովմասյանի համոզմամբ գրանցված հիմնական ընտրախախտումները եղել են չիմացության հետևանքով:  Շրջիկ դիտորդը եղել է 13-ից ընտրատեղամասերում և գրանցել միանման թերացումներ. հանձնաժողովի անդամները և անգամ նախագահը հստակ չգիտեին իրենց պարտականությունները: Նրանցից շատերը դիտորդներին գրանցում էին առանց անձը հաստատող փաստաթղթի առկայության, ինչպես նաև նրանց թույլ չէին տալիս լուսանկարահանել գրանցամատյանի էջերը: Թովմասյանն իր գործընկերներից լսել է ուղղորդումներ մասին, բայց ինքն անձամբ նման դեպքեր չի արձանագրել. «Դիտորդական առաքելություներից մեկի ներկայացուցիչները հանդես էին գալիս որպես վստահված անձինք: Նրանք անգամ չգիտեին, որ փաստացի դիտորդներ են: Բարձրաձայն հայտարարեցին, որ վստահված անձինք են և սատարում են տարբեր քաղաքական ուժերի»: Անի Թովմասյանը հրաժարվեց անուններ տալ: