Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չորս անձի դանակահարություն Նոր Գեղիում

Պաշտոնական
qnnchakan-komite

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի դանակահարության դեպքի առթիվ: 2018թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 22։30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խաչմերուկում մարդիկ են հավաքված, վիճաբանում են և նրանցից մեկի ձեռքին դանակ կա։ 2018թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00։50-ին, «Աբովյան» ԲԿ-ից ևս ՀՀ ոստիկանության Նաիրիի  բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի աջ կեսի և կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի կտրած-ծակած  վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1980 թվականին, «աջ ստործնոտային և վերծնոտային կտրած վերքեր» ախտորոշմամբ  բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի՝ 1976թ. ծնված տղամարդ, իսկ «որովայնի կողմնային պատի ծակած- կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի ևս մեկ բնակիչ՝ ծնված 1977թ.։ Նույն օրը՝ ժամը 01։10-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23։40-ին, «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ  բուժօգնության է դիմել ևս մեկ անձ՝ Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1992 թվականին, ով հայտնել է, որ վնասվածքն ստացել է Նոր Գեղի գյուղում՝ անհայտ անձի կողմից դանակով հարվածելու հետևանքով։ Դեպքի առթիվ 2018թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նախնական տվյալներով՝ նշված անձինք վնասվածքներն ստացել են Նոր Գեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:  Նրանք ճանաչվել են տուժող: Ձեռնրակված անհրաժեշտ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1991թվականին: Կատարված դեպքի վայրի զննությամբ վերցվել են արյան նմուշներ  և 9 սմ երկարության, 1,5 սմ լայնության դանակի կոտրված շեղբ ու 7 սմ երկարության դանակի պլաստմասե բռնակ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատաքրեագիտական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն։  Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:   Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջոցներ ձեռնարկել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին