Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդը բարձրագույն արժեք է. ՄԻՊ

Պաշտոնական
mip

Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, քաղաքակիրթ աշխարհը նշում է մարդու իրավունքների միջազգային օրը։ Մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը:  Մարդու իրավունքների պաշտպանության արդի մարտահրավերները պահանջում են բոլորիս միավորված համատեղ ջանքերը, իսկ պետությանը պարտավորեցնում ստեղծել յուրաքանչյուր մարդու իրավունքի պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմներ: Դրանց թվում ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի է մեծանում մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերակատարությունը: Հայաստանում այդ առաքելությամբ է օժտված Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ Պաշտպանի աջակցությունը ստանալու մարդու սահմանադրական բացարձակ իրավունքը ազգային այս մեխանիզմի զարգացման գրավականն է: Այս տարի մարդու իրավունքների միջազգային օրը խորհրդանշական է հիմնարար նշանակության իրադարձությամբ՝ պայմանավորված հանրապետությունում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններով: Ակնհայտ է, որ 2018 թվականը նշանավորվեց ժողովրդավարական բարձր ձեռքբերումներով: Հայաստանի քաղաքացին հնարավորություն ստացավ իր կամքի իրացման շնորհիվ հասնել երկրում սկզբունքային փոփոխությունների: Այդ փոփոխությունների ամրապնդման կարևորագույն շրջափուլը եզրափակեց քաղաքացու կամքի ազատ իրացումը խորհրդարանական ընտրություններին մասնակցության միջոցով: Քաղաքացիների բարձր վստահության վրա հիմնված ժողովրդավարական այդ զարգացումների արդյունքները պետք է ծառայեցնել հանրային իշխանության համակարգն ինստիտուցիոնալ ամուր հիմքերի վրա դնելուն: Պետության ամրության հիմնարար գրավական է քաղաքացու բարձր վստահությունը և պետության կողմից նրա բոլոր իրավունքների և ազատությունների լիարժեք իրացումը ապահովելը: Հանրային իշխանության խնդիրն է երաշխավորել քաղաքացու վստահության շարունակական ամրապնդումն իրավունքի գերակայության ու ժողովրդավարական բարձր արժեքների ապահովմամբ: Սա է այն ուղին, որը հնարավորություն կտա բոլոր ջանքերն ուղղել իրավական պետության և ժողովրդավարական զարգացման որակապես նոր փուլի հաստատմանը: Պետք է բացառել ցանկացած հետնահանջ ժողովրդավարական զարգացումներից և արձանագրված ձեռքբերումներից: Վստահ եմ, որ այս մոտեցումն այլընտրանք չունի: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն և համերաշխություն մեր երկրին: