Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադամ Բարրոն, նույն ինքը՝ Մուրադ Ամիրխանյանը՝ Իտալիայում մեծ ճանաչում ունի (տեսանյութ)

Մշակույթ
barro

Իտալիայում, մեծագույն տենորների երկրում, ծննդով գյումրեցի Մուրադ Ամիրխանյանին, որ եղբոր հետ վերապրեց երկրաշարժը ու ճակատագրի բերումով դարձավ ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրո, շատ բարձր են գնահատում, իսկ նրա ստացած միջազգային հեղինակավոր մրցույթների առաջին մրցանակների ու Գրան Պրիների շարքին ավելացավ ևս մեկը՝ Լոնդոնի «Ալբիոնի աստղերը» հեղինակավոր մրցույթի մրցանակը: Ադամ Բարրոն երգում է Եվրոպայի լավագույն բեմերում և իր ծրագրերում պարտադիր ներկայացնում է հայ երգարվեստը։«Գյումրին իմ սիրտն ու հոգին է, - ասում է երգիչը, իսկ Ֆրանսիան՝ այն երկիրը, որ հնարավորություն տվեց դառնալ ճանաչված երգիչ և որի համար ես միշտ շնորհապարտ պիտի լինեմ»: Հայաստան գալու առիթը նա երբևէ բաց չի թողնում, իսկ դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի աղետալի երկրաշարժի օրը, պարտադիր Գյումրի է այցելում՝ գլուխ խոնարհելու ծնողների շիրիմին: Արվեստագետն, իբրև «զենք», կարող է իր ձայն ու բեմն օգտագործել, և հնարավորինս շատ համերգներում ներկայացնում եմ Հայաստանը, Հայաստան-Ֆրանսիա կամուրջն ամրապնդում: Փարիզի Ռախմանինովի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր է և ֆրանսիացի երեխաներին ծանոթացնում է նաև հայկական երգարվեստին: Շուտով լույս կտեսնի Ադամ Բարրոյի՝ «Ավե Մարիա» ձայներիզը: «Ավե Մարիա»-ների տասնվեց կատարումների շարքում, նա ձայնագրեց նաև Մխիթար Սեբաստացու «Հիմն Աստվածամոր» շարականը, որն, ի դեպ, շատ հազվադեպ է հնչում: Նրա երազանքն այս տարի իրականացավ: «Եվրոպայի բազմաթիվ եկեղեցիներում մեներգել եմ ու միշտ երազել երգել  Գյումրիի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում, որի բույրը մանուկ հասակից եմ հիշում,- ասում է Բարրոն: - Եվ ահա երեսուն տարի անց, Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված մենահամերգը դարձավ իրականություն»: Երգեհոնով նրան նվագակցեց Հարություն Թագվորյանը: Մեկ տասնյակ օրերի ընթացքում անընդհատ փոխվում են քաղաքներն ու բեմերը: Մոսկվա՝ «Ավրորա» մրցանակաբաշխության արարողության հրավիրյալ երգիչ, որ կատարեց Շառլ Ազնավուրի երգերից, հետո Փարիզ, Գյումրի, Համբուրգ ու կրկին Մոսկվա , որտեղ Ադամ Բարրոն ելույթներ կունենա Մոդեստ Մուսորգսկու 180-ամյակին նվիրված համերգին և Դմիտրի Խվորոստովսկու հիշատակին նվիրված երեկոյին: