Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար 20 մլն դրամ գրավ են առաջարկում     

Հասարակություն
4948287d06c5e0952d62e3510d206778

Գեներալ  Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը եւս երկու ամսով երկարացնելու գործով դատական նիստն այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է: Նրա պաշտան Արսեն Մկրտչյանն «Ա1+»-ին հայտնեց, որ քննիչը փաստաթղթերը կիսատ է ներկայացրել: «Քննիչի հանդեպ դրական տրամադրված ոճի մեջ  դատավոր Մարինե Մելքոնյանը ժամանակ տվեց քննիչին կից փաստաթղթերը ներկայացնելու համար: Դատավորը  կարող էր քննիչին ասել, որ փաստաթղթերը թերի են ներկայացված: Քանի որ ունենք խտրական վերաբերմունք Մանվել Գրիգորյանի նկատմամբ,  եւ դատավորը հանդես է գալիս մեղադրանքի կողմից, դրա համար էլ այս հնարավորությունը ընձեռնվեց»,- ասաց պաշտպանը:     Դատարանը, ըստ Արսեն  Մկրտչյանի, հետաձգվել է նաեւ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը 20 մլն դրամ գրավով փոխելու միջնորդությունը:  Իսկ նիստին առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող Մանվել Գրիգորյանը ներկա չի եղել, թեեւ ցանկությունը կա. «Ձեռնաշղթաներով,  բացի այդ տեղափոխող մեքենաները հարմարեցված չեն հիվանդություն ունեցող կալանավորներին տեղափոխելու համար:  Որպեսզի զերծ մնանք առողջությանը էլ ավելի վնաս պատճառելուց, նախընտրում ենք, որ նա չներկայանա»: ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը առողջական լուրջ խնդիրներ ունի՝ քաղցկեղ, շաքարային դիաբետ։ Կալանավայրում գտնվելու ընթացքում նա սկսել է ինսուլին ստանալ։   Պաշտպան Արսեն Մկրտչյանն ամեն օր տեսակցում է նրան, նշում է շաքարի տոկոսը շատ բարձր է՝ 19,8. «Վիճակը շատ վատ է, մարդը պատանդ է ընկել այսօրվա  դատավարությունների, դատավորների ձեռքը»,- ավելացնում է փաստաբանը:  Խափանման միջոցը եւս երկու ամսով երկարացնելու գործով դատական նիստը կշարունակվի երկուշաբթի օրը: Հունիսի 19-ից կալանավորված Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության եւ զինվորների համար նախատեսված պարենամթերքի, պարագաների յուրացման մեջ։