30-ամյա  մեր խարանը

1988թ.՝  պատմական տարեթիվ   մեր ազգակերտման ճանապարհին. Արցախ,  Ազատության ճիչ, բռունցքված Միասնություն  ու Լուսավոր գալիք…

Մինչ  հայի ազատարար  սիրտը փոթորկվում  էր, անողոք բնությունը  դրեց իր խարանը հայոց աշխարհի  վրա:

1988 թվականի  դեկտեմբերի 7-ին,  ժամը 11:41 րոպեին, ահարկու  երկրաշարժը հիմն ի վեր ավերեց  ու փլատակների վերածեց Հայաստանի  հյուսիսային մասը՝ Սպիտակը, Գյումրին, վնասներ  կրեցին Վանաձորը, Ստեփանավանը: Դաժան աղետը Հայաստանին  պատճառեց մոտ 10 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս: Սակայն ամենադաժանն   ու անչափելին մարդկային կորուստ էր: Երկրաշարժը մեզանից խլեց տասնյակ  զոհեր: Հայի բազում վերքերին ավելացավ ևս մեկ անամոք վիշտ: Բայց տարերայի  աղետի այդ սոսկալի օրերին հայ ժողովուրդը մենակ չէր, աշխարհի տարբեր ծայրերից  եկավ բազմատեսակ օգնություն:

Այդ  աղետալի  օրվանից անցել  է 30 տարի: Մի հետադարձ  հայացք նետենք. այս երկար ու  ձիգ տարիների ընթացքում աղետից  տուժած քաղաքներն ու գյուղերն ամբողջությամբ  չեն վերականգնվել, դարձյալ կարող ես տեսնել կիսախալխուլ  տնակներ, ցեխոտ ու քանդված փողոցներ: Եվ ակամա հարց է առաջանում՝  մի՞թե այս տարիների ընթանցքում պատկան մարմիները չկարողացան միջոցներ  գտնել այդ քաղաքներն ու գյուղերը վերակառուցելու, շենացնելու համար: Մի՞թե  ազգային արժանապատվության գիտակցությունը ստորադասվել է անձնական շահից: Մի՞թե  կարելի է խոսել հայրենասիրությունից, երբ մինչ այսօր 30-ամյա աղետի հետևանքները, որպես  ամոթի խարան, դեռ մնացել են: Ցավալի է, սակայն փաստ…

Պարզապես  հետայսու եկենք  մաքրենք այդ խարանը, աթոռաքաշկռտուք  խաղալու, միջոցներ վատնելու փոխարեն, երկրաշարժի  հետևանքները վերացնենք: Վերացնենք, որպեսզի պատմության  էջերում հետագա սերունդերի կողմից չբնորոշվենք որպես  անկարներ ու անբաներ:

Այսօր, դեկտեմբերի 7-ին, համոզված  եմ շատ շատերն են իրենց խոնահումն  արտահայտելու անմեղ զոհերի հիշատակին:  Մենք միանում ենք ու խնկարկում նրանց հիշատակը: Եվ  հավաստում, որ պետք է վերացնել աղետի բոլոր հետևանքները, եթե  ժառանգն ենք մեզ համարում ազգասեր ու աշխարհաշեն մեր նախնիների:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

07.12.2018թ.

Երևան