Եղել է վարչական ռեսուրսի համատարած կիրառում. «ՄԻ-96»

«Մարդու իրավունքներ – 96» կուսակցության
Հ  Ա Յ  Տ Ա Ր  Ա Ր ՈՒ Թ  Յ ՈՒ Ն Ը 
2018թ. ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

Ընտրական գործընթացներն անցան վարչական ռեսուրսի համատարած կիրառմամբ, ավելին, այն աստիճանի խառնաշփոթ էր ստեղծվել «աշխատանքային ժամ», «արձակուրդ», «պաշտոնակատար» կամ «պաշտոնակատարի պաշտոնակատար» եզրույթների միջև, որ անհնար և անիմաստ էր որևէ հսկողություն  իրականացնել: Թերևս, առաջին անգամ հայաստանյան ընտրություններում իշխող կուսակցության կողմից իրականացվեց մրցակիցների հանդեպ վախի մթնոլորտ ստեղծելու անթաքույց քաղաքականություն: Բանը հասել էր նրան, որ «արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատարը», բառիս բուն իմաստով մատ էր թափ տալիս  «Սասնա Ծռեր» կուսակցության վրա, որ համարձակվել էր իրենց նախընտրական ծրագրում ընդգրկել Ազգային ժողովի գործունեության ժամկետի վերաբերյալ ՔՊ կուսակցությունից տարբերվող տեսակետ: Խախտումներով ՔՊ-ից հետ չէր մնում «Վարչապետի Ցավը Տանեմ» կուսակցությունն, այն է՝ ԲՀԿ-ն, որի բիզնեսմեն առաջնորդը Վարչապետի հրամանով  պարբերաբար դառնում էր «սեփականատեր» և հակառակը:

    Ափսոսանքով պետք է նշենք, որ այս ամենի պատասխանատուն և նախաձեռնողը մեր այսօրվա առաջնորդն է, որն այս բոլորի հետ միասին դեռ մի փոթորկալից լեզվակռիվ էլ նախաձեռնեց  ՀՀԿականների, կամ իրենց իսկ բնութագրած, «հանցագործների բանդայի» հետ: Սակայն, զավեշտը կայանում է նրանում, որ մոտ կես տարի առաջ, որևէ քայլ չարվեց տարիներով իշխանության յուրացողներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ և, փոխարենը, այդ նույն «բանդայի» հետ նույն ՔՊականները հավեսով բանակցություներ  վարեցին վարչապետական «հանցագործ» քվեներ ստանալու համար: Նախատեսվա՞ծ էր արդյոք այս լեզվակռիվը, ժամանակը ցույց կտա, ամեն դեպքում այն տապալեց ծրագրային կամ գաղափարական մրցակցությունը մասնակից կուսակցությունների միջև, իսկ արդյունքում ժողովրդավարական ընտրություններն ընդհանրապես: Եվ լավ է, որ կա, թերևս մի լուրջ, գաղափարական և անկեղծ կուսակցություն՝ «Սասնա Ծռեր», որի շնորհիվ ընտրությունները գուցե չհեղինակազրկվեցին վերջնականապես:

      Ինչևէ, մենք շարունակում ենք պաշտպանել Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում և, որպես հետևանք, ստիպված  ենք պաշտպանել նաև շիրակթորոսյանական ՔՊ կուսակցությանը: Ինչ արած, որ այսպիսի զավեշտալի իրավիճակ է առաջարկել մեզ նույն ինքը Փաշինյանը: Ամեն դեպքում, մեր ցանկությունն է, որ  ապագա Ազգային ժողովում գերակշռող մեծամասնություն կազմեն ՔՊ և «Սասնա Ծռեր» կուսակցությունները:

        Կոչ ենք անում հայաստանցիներին  որևէ քվե չտալ ոչ միայն ՀՀԿ-ին, այլև՝ նրա հետընտրական կոալիցիոն   բոլոր գործընկերներին՝ ԲՀԿ, ՀՅԴՀԿ և ՕԵԿ-ներին: Նրանք բոլորն էլ արժանի են քաղաքական աղբարկղի, իսկ նրանց անդամներից ոմանք, նաև,  բանտախցերի՝ ժողովրդի իշխանության յուրացման կամ որ նույնն է վերջինիս «կոալիցիոն» աջակցման համար:

«ՄԻ-96»