Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանզաս-Հայաստան համագործակցությունը 15 տարեկան է

Պաշտոնական
mes

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի տարածաշրջանային սիմուլյացիոն վարժանքի շրջանակներում այսօր կայացավ Կանզասի ազգային գվարդիայի ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլի գլխավորությամբ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակության և Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության հանդիպումը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին մասնակցության նպատակով Կանզասի պատվիրակության այցը Հայաստան դիտարկում է որպես 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ ԱՄՆ նահանգի կողմից հայ ժողովրդին ցուցաբերված օգնության շարունակություն: «Այս տարի մենք նշում ենք ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի և ԱԻՆ փաստացի համագործակցության 15-ամյակը: Չնայած համաձայնագիրը ստորագրվել է  2010թ.-ին, սակայն փաստացի այն սկսվել է 2003թ.-ին: Դա մի ամբողջ կյանք է: Բեղուն համագործացության շնորհիվ մենք հնարավորություն ստացանք զարգացնել մեր մարզային հրշեջ-փրկարարական ծառայությունների կարողությունները»,- նշեց Արա Նազարյանը: Լի Թաֆանելլին շնորհակալություն հայտնեց հրավերի և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումներին ներկա գտնվելու հնարավորության համար: «Մեզ համար շատ կարևոր է  միշտ հիշել անմեղ զոհերին: Սակայն չափազանց կարևոր է նաև հասնել նրան, որպեզի նման բնական արհավիրքների ժամանակ նմանատիպ ողբերգություններ այլևս երբեք տեղի չունենան»,- նշեց Լի Թաֆանելլին: Լի Թաֆանելլին ասաց, որ իրենք անհամբերությամբ սպասում են  աղետների ռիսկի նվազեցման գալիք տարի կայանալիք վարժանքներին, որոնք նախատեսվում է իրականացվել Սյունիքի մարզում: «Ոլորտներից մեկը, որում մենք ակնկալում ենք ակտիվ համագործակցություն, դա անտառային հրդեհների դեմ պայքարն է: Մենք ունենք հատուկ թիմ, որը մասնակցել է անտառային հրդեհների դեմ գործողություններին: Նրանք ևս կմասնակցեն գալիք տարի Սյունիքում կայանալիք վարժանքներին»,- նշեց Լի Թաֆանելլին: Հանդիպմանը ներկա ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նույնպես կարևորեց անտառային հրդեհների դեմ պայքարի գործում երկկողմ համագործակցությունը: Արա Նազարյանն, անդրադառնալով երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին, գոհունակություն հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի նաև գալիք 2019թ.-ին՝ առաջարկով ամերիկյան կողմի աջակցությամբ ՀՀ ճգնաժամային կառավարման ակադեմիայի դասախոսական կազմի և ուսանողների համար կազմակերպել հեռավար դասընթացներ ռիսկերի և ճգնաժամերի կառավարման ոլորտում: Կանզասի նահանգի պատվիրակության ղակավարը պատասխան խոսքում նշեց, որ իրենք բաց են համագործակցության բոլոր առաջարկների և գաղափարների քննարկման համար: Արա Նազարյանը շնորհակալություն հայտնեց նահանգի պատվիրակությանը Կանզասում դեկտեմբերի 7-ը՝ որպես Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի, ինչպես նաև դեկտեմբերի 5-ը «Կանզաս-Հայաստան համագործակցության օր» հռչակելու վերաբերյալ որոշման համար: Հանդիպման վերջում Արա Նազարյանը Լի Թաֆանելլին պարգրևատրեց ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով: Գեներալ-մայոր Լի Թաֆանելլի իր հերթին պաշտոնապես Արա Նազարյանին հանձնեց Կանզասում դեկտեմբերի 7-ը որպես Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին հռչակագիրը: