ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների համատեղ հայտարարությունը

Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները  պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Համանախագահող երկրները ողջունել են առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և հաղորդվող կորուստների էական նվազումը, ինչը հաջորդել է Դուշանբեում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած խոսակցությանը: Նրանք հորդորել են կողմերին շարունակել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և սեփական ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու միջոցներ ձեռնարկել: Համանախագահող երկրները հույս են հայտնել նաև, որ կողմերի միջև ինտենսիվ երկխոսությունը կարող է մոտ ապագայում հանգեցնել խնդրի կարգավորմանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը վերահաստատել են լարվածության նվազեցման ու խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ինտենսիվ աշխատանք իրականցնելու իրենց պատրաստակամությունը: Երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները համաձայնություն են հայտնել հանդիպել 2019 թվականի սկզբին և շարունակել բարձր մակարդակով բանակցությունները:

Նրանք գնահատել են համանախագահող երկրների կողմից ցուցաբերած մեծ ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը: