Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լուսավոր Հայաստան»-ը տատանվող ուժ է.  Չուքասզյան (տեսանյութ)

Քաղաքականություն
chugaszyan

«Սասնա Ծռեր» կուսակցության 3-րդ համար Գարեգին Չուքասզյանը ևս մեկ անգամ նշում է, որ ապագա խորհրդարանը պետք է  լինի անցումային. «Դա ոչ թե մեր ցանկությունն է, այլ նոր պայմաններում  հին Ընտրական օրենսգրքով նոր խորհրդարան ընտրելը  որոշ բարդություններ է ծնում»։  Ըստ Չուքասզյանի՝   Մարտի 1-ի համար   պատասխանատու է ոչ միայն ՀՀԿ-ն,ուստի. «Կոալիցիայի անդամ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ն պետք է դադար վերցնեին ու խուսափեին այս ընտրություններին մասնակցել»։ Պատգամավորի թեկնածուն անդրադարձավ նաև երեկ՝ Հանրային հեռուստաընկերությունում 11 քաղաքական ուժերի ցուցակի առաջին համարների միջև տեղի ունեցած բանավեճին, որի ընթացքում «Սասնա Ծռեր» կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Էդմոն Մարուքյանը բանավեճ ունեցան՝ կապված անցումային արդարադատության հետ։ Մարուքյանը ակնարկեց, որ անցումային արդարադատության մասին Ավետիսյանը հարց է բարձրացնում այն դեպքում, երբ նրանք ազատ են  արձակվել այն դատական համակարգի ժամանակաշրջանում, որն այսօր գործում է։ Չուքասզյանը «Լուսավոր Հայաստան»-ին անվանեց տատանվող ուժ և ընդգծեց. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իրենց ընկերներին հեղափոխության օրերին փողոցում մենակ թողեցին և հիմա փորձում են իրենց ներկայացնել որպես հեղափոխության ջատագով»։ Մարուքյանի կողմից հնչեցրած այն միտքը, թե «Սասնա ծռեր» խմբավորումը ոստիկանության գնդապետ է սպանել, Չուքասզյանը որակեց որպես ոչ հարիր պահվածք՝ իրավական կրթություն ստացած անձի համար։ «Պարոն Մարուքյանը ստանալով իրավական կրթություն, երևի, իր վրա վերցրեց շատ  մեծ պատասխանատվություն, խախտելով անմեղության կանխավարկածը։ Դատավարությունը դեռևս շարունակվում է և ոչ ոք իրավունք չունի ինչ-որ մեկին մարդասպան անվանել»։