Ընդամենը մեկ բաժակ սուրճի գին՝ հռոմեական բարոկկո բարձրարվեստ կտավներ տեսնելու համար

Մշակույթը, արվեստը, ասես, կեռաս լինի, և մեկը ուտելուց հետո ձեռքդ երկրորդին ես պարզում և հետո շարունակ ուզում ես ուտել, այնպես էլ սա նման նախաձեռնությունների, ծրագրերի շարունակական սկիզբ կարելի է համարել:

 

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Բեռնինիի դպրոց. հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը: Կներկայացվեն Իտալիայի Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող բարոկկո ոճի 55 բարձրարվեստ կտավներ:

Նախաձեռնողները և կազմակերպիչներն են՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի ազգային պատկերասրահը:

Գալիք ցուցահանդեսի բացման առթիվ կազմակերպվել էր «պրեսս լանչ», որի բանախոսներն էին՝ ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոն , ՀՀ  Մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: «Ես սիրում եմ նման անբռնազբոս ֆորմատներ, երբ ավելի մտերմիկ և ջերմ զրույց կարող է ստացվել»,- ասաց պատկերասրահի տնօրենը:

Տիգրան Գալստյանի խոսքով, կարճ ժամանակահատված էր նման ցուցահանդես կազմակերպելու համար, և ոլորտի մասնագետները սա կարող են փաստել: Նման ցուցադրությունների իրականացման համար տարիներ, այլ ոչ ամիսներ են հարկավոր: «Քանի որ այս կտավները շատ դժվար են դուրս գալիս երկրից և նաև ծախսատար են, մենք օգտվեցինք առիթից, որ նրանք բերվել էին Վրաստան և մինիմալ ծախսերով կարողացանք բերել Հայաստան», -ասաց նախարարի տեղակալը: – Հռոմեական բարոկկոյի նման քանակի գործեր Հայաստանում առաջին անգամ են ներկայացվելու, սակայն չեմ ցանկանա, որ սա ռեկորդային թիվ համարվի և թող սա լինի առաջին գրանցված հաջողությունը: Ի պատասխան մենք կաշխատենք նաև, որ մեր գեղարվեստի արժեքները նույնպես ներկայացվեն Իտալիայում, մասնավորապես Հռոմում: Մեր երկրները դարերով մշակութային սերտ կապեր են ունեցել և այս ցուցահանդեսը ևս թող այդ փաստի ամրագրումը լինի:

Մշակույթի նախարարի տեղակալի   խոսքով, Բորգեսի այգում կտեղադրվի Հովհաննես Թումանյանի արձանը և հիմա այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում: Սա բարձրարժեք քանդակ պետք է լինի, քանի որ տեղադրվելու է աշխարհի կարևորագույն քանդակների այգում: Բաց մրցույթ կհայտարարվի, երբ հասկանան, թե ինչ գումար կարող են հատկացնել և կընտրվի լավագույնը, վստահեցրեց նախարարի տեղակալը:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հուսով է, որ ցուցահանդեսը մարդաշատ կլինի: «Վստահ եմ,-ասաց նա,- որ պետությունը պետք է մշակույթի պահպանման գործում մեծ դերակատարում ունենա, սակայն թանգարան պահելու ողջ  բեռը պետության ուսերին չպետք է լինի և հետաքրքիր ծրագրերով, աննախադեպ ցուցահանդեսներով մենք պետք է կարողանանք գումարներ բերել և հոգալ մեր խնդիրները, լավացնել մեր աշխատողների, գիտաշխատողների կենսապայմանները: Նրա խոսքով, Այվազովսկու ցուցահանդեսի աննախադեպ հաջողությունը կանխորոշեց նաև մեծանուն ծովանկարչի հայկական ծագման առկայությունը:

«Հայերը սիրում են հպարտանալ նման անուններով և ինչպես Սպիվակովի համերգի տոմսերը, որպես «հայ փեսայի» երկրորդ օրն, իսկ ամբողջությամբ վաճառվում են, այնպես էլ Այվազովսկու ցուցահանդեսի հաջողությունը պայմանավորում եմ այս հանգամանքով ևս: Հուսով եմ, որ այս նախադեպը չունեցող ցուցահանդեսը, չնայած հայի անվան հետ կապված չէ, կարծում եմ կկրկնի Այվազովսկու ցուցահանդեսի հաջողությունը և նույնքան մարդաշատ կլինի, և չնայած այնքան էլ ակտիվ տուրիստական սեզոն չէ, զբոսաշրջիկներ շատ կունենանք: Սա եզակի ցուցադրություն է և նման առիթ արվեստասերները համոզված եմ բաց չեն թողնի,- ասաց պատկերասրահի տնօրենը, իսկ մշակույթի նախարարի տեղակալը հավելեց, որ ընդամենը մեկ բաժակ սուրճի գին՝ 1500 դրամ են վճարելու նման բարձրարժեք կտավներ տեսնելու համար:

Արման Ծատուրյանն էլ իր հերթին հույս հայտնեց, որ մշակույթի նախարարությունը ֆինանսապես կօժանդակի ոչ միայն համերգային ծրագրերը, այլ նաև նման ցուցահանդեսները:

«Քրիստոնեությունն է, որ միավորում է հայ և իտալական համայնքները և քանի որ պարզ պատկերներով իտալացի մեծ նկարիչները կարողացել են արտահայտել հենց քրիստոնեության փիլիսոփայությունն ու գաղափարները և կարծում եմ հայերի համար այս հանգամանքը ևս կարևոր է», նշեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոն:

Նա իր շնորհակալական խոսքն ուղղեց Հայաստանի կառավարությանը և մշակույթի նախարարությանը, որոնք դեսպանի խոսքով, իր այս նախաձեռնության համար դռները ոչ միայն բացեցին, այլ լայն բացեցին և իրոք շատ կարճ ժամանակում կարողացան ահռելի գործընթաց իրականացնել: «Այս ցուցահանդեսը շատ նշանակալի է նաև որպես տարվա կտրվածքով հայ-իտալական մշակութային, տնտեսական և քաղաքական սերտ համագործակցության լավագույն ամփոփում է», -ասաց նա:

Իրականում սա եվրոպական նախագիծ է, եվրոպական  մշակութային ժառանգության տարվա շրջանակում է իրականացվում և նախագծի իրականացման համար իր աջակցությունն է ունեցել նաև եվրամիության  պատվիրակությունը: Մշակույթը, արվեստը, ասես, կեռաս լինի, և մեկը ուտելուց հետո ձեռքդ երկրորդին ես պարզում և հետո շարունակ ուզում ես ուտել, այնպես էլ սա նման նախաձեռնությունների, ծրագրերի շարունակական սկիզբ կարելի է համարել:

Երբ ինձ Հայաստանում դեսպան էին նշանակում, ասում էին, որ մշակույթը այն սյուներից է, որ դու պետք է հիմնվես քո աշխատանքը կատարելու և էլ ավելի ամրացնելու հայ-իտալական հարաբերությունները: Մայիսից մինչ օրս սա տասներեքերորդ մշակութային ծրագիրն է, որ իրականացնում է դեսպանությունը և ես շատ ուրախ կլինեմ, որ կարողանամ հնարավորինս օգնել Հայաստանի կառավարությանը Հռոմում փոխադարձ ցուցահանդես կազմակերպել: Մշակույթը անխոս նպաստում է քաղաքական, տնտեսական ոլորտների զարգացմանը, սակայն, որ  առավել կարևոր է բերում է փոխադարձ ծանոթություն: Երբ ակնկալում ենք, թե որքան այցելու կարող է ունենալ ցուցահանդեսը կարող ենք երկու ձևով հաշվարկ կատարել: Առաջինն այն թիվն է, օրինակ 25000, որ կգրանցվի, սակայն մեկ այլ մոտեցում ևս կա, որով ես եմ միշտ ուղղորդվում: Օրինակ, հազար  այցելուն, սոսկ կլոր թիվ չէ, դա մեկ, մեկ, մեկ և այսպես շարունակ մարդիկ են, որ կազմում են այդ կլոր թվերը»:

Ծրագրեր և նախաձեռնություններ պարոն Վինչենցո Դել Մոնակոն շատ ունի, սակայն ամենն իր հերթին,-ասաց նա: «Երբ ես այցելեցի մարտին շիկահեր էի և կապտաչյա և տեսեք, թե ինչպիսին եմ այժմ», – իր խոսքի ավարտին կատակեց դեսպանը:

Ի դեպ, «Բեռնինիի դպրոց. հռոմեական բարոկկո» ցուցահանդեսի նախատեսված  երկու ամսվա ցուցադրությանը, կավելանա ևս տասնհինգ օր: