Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու և Կոտայքի բնակիչները տեղեկացրել են ընտրակաշառքի բաժանման դեպքերի մասին

Քաղաքականություն
sasna

Այսօր Հենարան ակումբում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» կուսակցության մամլո ասուլիսը։ Վարուժան Ավետիսյանը նախընտրական շրջանը բնութագրեց բնականոն և դրական։ Ավետիսյանը վստահ է, որ «Սասնա ծռերի»՝ մյուս քաղաքական ուժերի նկատմամբ ունեցած գաղափարապես ընդգծված տարբերությունները գրավում են ընտրազանգվածին։ Վարուժան Ավետիսյանը հավաստիացնում է, որ «Սասնա ծռերը» քաղաքական դաշտում հանդիսանում են իրական այլընտրանք, որին ընտրելով ժողովուրդը հետ չի գնա դեպի ճահիճ։ ՔՈ-ի ԱԺ անցնելու դեպքում «Սասնա ծռերը» կհամագործակցեն նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են քաղաքացիական հասարակությանը դարձնել քաղաքական գործընթացների մասնակից։ Ստեփան Գրիգորյանն անդրադարձավ մամուլում տարածում գտած իր այն հայտարարությանը, որ «Իմ քայլը» դաշինքում ընդգրկված երիտասարդներն անփորձ են և իրենք պատրաստ են աջակցել նրանց։ Գրիգորյանը բոլորին կոչ արեց չփորձել «սեպ խրել» իրենց և Փաշինյանի միջև։ Նա նաև խոսեց նախընտրական քարոզարշավի մասին՝ արձանագրելով, որ Գյումրու և Կոտայքի բնակիչներից բողոքներ է լսել կապված ընտրակաշառքի բաժանման դեպքերի հետ։ Նա «անասնական» բնութագրեց այդ երևույթը և հավելեց, որ իրենք քննիչներ չեն, որպեսզի զբաղվեն այդ հարցերով։ Թեկնածուն գտնում է, որ հայ ժողովուրդը պետականամետ է և պետք է քվեարկի իրենց օգտին. «Ռեյտինգային համակարգը խնդիրներ է ստեղծում նոր, շնորհալի քաղաքական ուժերի համար, բայց «Սասնա ծռերի» համար այն չի կարող խոչընդոտներ ստեղծել, քանի որ իրենք համաժողովրդական վստահություն ունեն»։ Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, մարզերում լրատվամիջոցները բավարար չափով չեն լուսաբանում քարոզարշավը։ Սեֆիլյանը խոսեց «Սասնա ծռերի» ներսում տիրող գաղափարական տարակարծության մասին, նշելով, որ իր գործը պատերազմում հաղթանակ տանելն է, իսկ Ստեփան Գրիգորյանը, որպես դիվանագետ պետք է փորձի կանխել պատերազմները։ Խոսելով սահմանում տիրող դրության մասին՝ նա արտահայտեց իրենց կուսակցության դիրքորոշումը. 18 ամյա պատանիները չպետք է պահեն սահմանը, պետք է ծառայության անցնեն այն մարդիկ, ովքեր ժառանգներ ունեն. «Մեր երկրին ներքին զորքեր պետք չեն, ինչպես նաև չկա ռազմական ոստիկանության անհրաժեշտությունը։ Մենք ազգային պետություն ենք։ Կայսերական պետությունները միշտ փորձել են մեզ առանց զենք թողնել։ Մեր ժողովուրդը զինաթափված է և կանգնած  ցեղասպանության հերթական վտանգի առաջ։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները պետք է զինված լինեն, թե ինչպես. դա հետագայում կասենք»։ Ստեփան Գրիգորյանը, շարունակելով Սեֆիլյանին՝ հավելեց, որ նորմալ երկրներում ռազմական ոստիկանությունը արդեն վաղուց վերացվել է։ Երկրում ունեցած ռազմական ներուժը պետք է ճիշտ օգտագործվի և բանակը պետք է համալրվի պրոֆեսիոնալ կադրերով. «Շատ կարևոր է հասկանալ, որ ոչ ոք չի ասում, որ դա վաղը պետք է արվի։ Այս կոնցեպտն առկա է ու պետք է գործի մոտ ապագայում»։ Սեֆիլյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ևս կողմ է ներքին զորքերի վերաբերյալ իրենց ունեցած տեսակետին։ Պարզապես, իրենք Փաշինյանի փոխարեն, արդեն կսկսեին ներքին զորքերի լուծարումը։